Անցյալ շաբաթը, որը սկսվեց նավթի գնանկմամբ, ավարտվեց ԱՄՆ-ի և Եվրոպայի ֆոնդային շուկաների արձագանքով: Շաբաթվա ամենամեծ կորուստները կրած միլիարդատերերի շարքում են Իլոն Մասկը, Լուի Վիտոնի սեփականատերը և Սթիվ Ջոբսի այրին:
Մեկ շաբաթում աշխարհի 10 միլիարդատերերի ունեցվածքը նվազեց 76,4 մլրդ դոլարով:
30 տարվա ընթացքում ամենավատ օրն էր այս շաբաթվա հինգշաբթին. աշխարհի 20 մեծահարուստների ունեցվածքը 78 մլրդ դոլարով պակասեց:
Ֆրանսիացի Առնո Բեռնարը (LVMH) շաբաթվա ընթացքում ամենամեծ կորուստները կրող գործարարն է: Մարտի 13-ին նրա ունեցվածքը պակասեց 14 մլրդ դոլարով՝ հասնելով 84,6 մլրդ դոլարի:
Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոյի (Kering` Saint Laurent, Gucci) կորուստը գնահատվում է 5,9 մլրդ դոլար:
Լեոնարդո դել Վեկիոյի (Luxottica) կարողությունն այժմ կազմում է 17,3 մլրդ դոլար: Շաբաթվա ընթացքում նա կորցրել է 4,9 մլրդ դոլար: Նրա գրասենյակը Միլանում է, բայց փակվել է կորոնավիրուսի պատճառով:
COVID-19-ը տարածվել է աշխարհի բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Անտարկտիդայի: Այժմ աշխարհում առավել քան 144 հազար վարակակիր կա, գրանցվել է կորոնավիրուսից ծագած առավել քանի 5000 մահվան դեպք:
Իսպանացի միլիարդատեր Ամասիո Օրտեգան (Zara) կորցրել է 12,8 մլրդ դոլար: Այժմ նրա ունեցվածքը գնահատվում է 57,5 մլրդ դոլար:
Աշխարհի ամենահարուստ կնոջ՝ Ֆրանսուա Բետանկուր Մայերսի (L'Oréal) ունեցվածքը նվազել է 8,9 մլրդ դոլարով՝ ներկայումս գնահատվելով 48,3 մլրդ դոլար:
Աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ Ջոզեֆ Բեզոսը, թեև նրա ունեցվածքն ընթացիկ շաբաթում նվազել է 6,4 մլրդ դոլարով՝ հասնելով 110,5 մլրդ դոլարի:
Իլոն Մասկը մարտի 6-ին իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր՝ կորոնավիրուսով պայմանավորված խուճապը հիմարություն է: Շաբաթվա ընթացքում վիրուսն ու խուճապը զգալիորեն տարածվեց նաև Միացյալ նահանգներում, արդյունքում՝ Tesla-ի բաժնետոմսերը նվազեցին 22 տոկոսով: Այսպիսով, Մասկի ունեցվածքը նվազեց շուրջ 18 տոկոսով: Այժմ նրա ունեցվածքը գնահատվում է 31,1 մլրդ դոլար: Այդուհանդերձ, նա էլի չի անհանգստանում. աշխատակիցներին ասել է, որ ավելի հավանական է նրանք ավտովթարից մահանան, քան կորոնավիրուսից:
Եթե ֆոնդային շուկան շարունակի անկում գրանցել, Մասկը կարող է կորցնել իր 346 մլն դոլար բոնուսն, ինչը կախված է Tesla-ի բաժնետոմսերի գնից: Միլիարդատերն, ինչ խոսք, կարող է խուճապը հիմարություն համարել, բայց ներդրողներն այդպես չեն կարծում