ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Մտքի ուժով տեքստի մուտքագրումը հասել է անհավատալի արագության

ԱՄՆ-ում հաշմանդամություն ունեցող անձանց հաղորդակցության նոր եղանակ են մշակել: Գիտնականները կաթվածահար հիվանդի ուղեղում իմպլանտներ են տեղադրել եւ, ալգորիթմի օգնությամբ առաջին անգամ վերծանել են նեյրոնային ազդանշանները, որոնք կապված են առանձին տառեր գրելու հետ: Իսկ այնուհետեւ կարողացել են իրական ժամանակում տեղափոխել դրանք էկրանին: Տեքստը հավաքելու արագությունը րոպեում 90 նիշ է կազմել, մոտավորապես նույն արագությամբ մարդիկ հաղորդագրություններ են գրում սմարթֆոններում:
Սթենֆորդի համալսարանի գիտնականների խումբը վերծանել է խոսքի հետ ասոցացված նեյրոնային ակտիվությունը և ուղեղում իմպլանտներ ունեցող պացիենտների համար մտքի ուժով կուրսորի շարժումը էկրանին վերահսկելու միջոց է գտել: Կաթվածահարները կարողացել են կուրսորը դնել խորհրդանիշի վրա և սեղմել այն րոպեում 40 նիշ արագությամբ:
Սակայն այնուհետև գիտնականները մտահղացել են դիմել գրելու հմտությանը: Նրանք կամավորի՝ ողնաշարի վնասվածք ունեցող, պարանոցից ներքև անդամալույծ 65-ամյա տղամարդու ուղեղի մեջ ձեռքի և դաստակի շարժումները վերահսկող փոքրիկ չիպեր են տեղադրել: Երբ նա պատկերացրել է, թե ինչպես է տառեր գրում, նեյրոններից ազդանշանները ուղարկվել են ուղեղին, իսկ մեքենայական ուսուցման ալգորիթմը ճանաչել է օրինաչափությունները:
Արդյունքում տղամարդը կարողացել է շփվել նույնքան արագ, ինչպես իր տարիքի տղամարդը սմարթֆոնում հաղորդագրություններ է գրում: Տեքստը էկրանին հայտնվել է րոպեում 90 նիշ արագությամբ, ինչը ավելի քան երկու անգամ արագ է նեյրոնային ինտերֆեյսի նախորդ ռեկորդից:
Ինտերֆեյսի արագությունը բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր տառն առաջացնում է ակտիվության որոշակի և լավ տարբերակելի օրինաչափություն, որը ալգորիթմի համար բավականին հեշտ է ճանաչել:
Սթենֆորդի գիտնականների մշակումը անհրաժեշտ վերանայումից հետո թույլ կտա առանց ձեռքերը օգտագործելու արագ տեքստ մուտքագրել: Հետագայում նրանք նախատեսում են ինտերֆեյսը փորձարկել խոսելու ունակությունից զրկված պացիենտների, օրինակ՝ կողային ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդների վրա։