Ճապոնիան կփորձի տիեզերքից Երկիր արեգակնային էներգիա փոխանցել
Ընդամենը երկու տարի անց Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) փորձարկումներ կանցկացնի՝ գեոստացիոնար ուղեծրում արտադրվող էլեկտրաէներգիան Երկիր փոխանցելու համար: Այս էներգիան փոխանցելու համար նախատեսվում է օգտագործել գոյություն ունեցող տեխնոլոգիան՝ միկրոալիքները։
Չնայած արեգակնային ֆերմա հասկացությունն արդեն լայնորեն օգտագործվում է Երկրի վրա, այն դեռ չի կիրառվել մեր մոլորակի սահմաններից դուրս։ Այնուամենայնիվ, ինչպես բացատրում է Nikkei Asia օրաթերթը 2023 թվականի մայիսի 27-ին հրապարակված հոդվածում, դա տեղի չի ունենա մոտ ժամանակներս։ JAXA-ն Կիոտոյի համալսարանի հետ համատեղ նախատեսում է ուղեծրում արեգակնային ֆերմայի փորձարկումներ իրականացնել արդեն 2025 թվականին։
Գաղափարն այն է, որպեսզի այս առաջին կայանքը տեղադրվի գեոստացիոնար ուղեծրում՝ Երկրից 36 000 կմ հեռավորության վրա, եւ էլեկտրաէներգիան փոխանցվի մեր մոլորակին: Այս հավակնոտ նախագիծը միանգամայն իրագործելի է թվում, քանի որ այն կօգտագործի մեզ արդեն հայտնի տեխնոլոգիան՝ միկրոալիքները, որոնք կարող են էներգիա փոխանցել երկար հեռավորությունների վրա: Այս էներգիան այնուհետեւ կարող է հեշտությամբ վերածվել էլեկտրաէներգիայի: Այս տեխնոլոգիան արդեն փորձարկվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից 2022 թվականին՝ Scope- M նախագծի շրջանակներում։
Այս տեխնոլոգիան ունի մեկ կարեւոր թերություն՝ էներգիայի կորուստ: Այնուամենայնիվ, այս մեթոդն այժմ լրջորեն դիտարկվում է: Ճապոնիային խորթ չէ այս տեխնոլոգիան։ 2009 թվականին ճապոնացի հետազոտողները արդեն ցույց են տվել մոտ 30 կմ բարձրության վրա լողացող օդապարիկից Երկիր էլեկտրաէներգիա փոխանցելու հնարավորությունը: Այդ ժամանակ էներգիայի սպառումը շատ ցածր էր: Ստացված էներգիան բավարար էր սմարթֆոնը լիցքավորելու համար։
Այնուամենայնիվ, վերջին տարիներին իրականացվել են միկրոալիքների միջոցով էներգիայի փոխանցման նոր փորձարկումներ, մասնավորապես՝ 50 մ հեռավորության վրա էներգիայի ավելի մեծ փոխանցում խթանելու նպատակով: Մոտ ապագայում կիրականացվեն հետագա փորձարկումներ՝ փորձելով էլ ավելի շատ էներգիա փոխանցել մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ակնհայտ է, որ տիեզերքից 36 000 կմ հեռավորության վրա մեծ քանակությամբ էներգիա փոխանցելը իսկական հեղափոխություն կլինի էներգիայի ոլորտում: Սկզբնական շրջանում նախնական փորձարկումներին կմասնակցեն մի քանի ոչ մեծ արբանյակներ, որոնք գտնվում են երկրի մակերեւույթից մի քանի հարյուր կիլոմետր բարձրության վրա: