Մարդուն փոխպատվաստված խոզի երիկամները ոչ միայն չեն մերժվել, այլև առաջին անգամ սկսել են նորմալ գործել
Ալաբամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է մարդու երկու երիկամները փոխարինել գենետիկորեն մոդիֆիկացված խոզի օրգաններով։ Խոզի երիկամները, ընտանիքի թույլտվությամբ, փոխպատվաստել են հիվանդի, որի մոտ ուղեղի մահ է ախտորոշվել։
Բժշկության պատմության մեջ առաջին անգամ դոնորական օրգանները ոչ միայն չեն մերժվել, այլև սկսել են նորմալ գործել, այսինքն՝ արտադրել մեզ՝ մաքրելով օրգանիզմը նյութափոխանակության թունավոր արգասիքներից։
Այս բացառիկ վիրահատության մանրամասն նկարագրությունը գնահատվել է գիտական հանրության կողմից և հրապարակվել այս շաբաթ JAMA Surgery գիտական ամսագրում:
Թեև այս դեպքն առայժմ եզակի է, սակայն այն հույս է ներշնչում երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապող և փոխպատվաստման կարիք ունեցող տասնյակ հազարավոր հիվանդների։
Ամբողջ աշխարհում դոնորական օրգանների պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը։ Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում փոխպատվաստման սպասող յուրաքանչյուր հինգ հիվանդից երկուսը մահանում են ախտորոշվելուց հետո հինգ տարվա ընթացքում՝ չկարողանալով ստանալ համապատասխան դոնորական օրգան:
Իրականում սա մարդուն խոզի երիկամի առաջին փոխպատվաստումը չէ, որը կարելի է հաջող անվանել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նմանատիպ փորձեր արդեն երկու անգամ արվել են, և երիկամը չի մերժվել օրգանիզմի կողմից։ Սակայն միայն այս անգամ է բժիշկներին հաջողվել ապահովել, որ դոնոր օրգանը նաև լիովին նորմալ գործի՝ կատարելով իր բոլոր գործառույթները, որոնցից հիմնականն օրգանիզմի մաքրումն է կենսագործունեության վնասակար նյութերից, առաջին հերթին՝ կրեատինինից:
Փոխպատվաստման ենթակա խոզի երիկամները հատուկ աճեցվել են և գենետիկ ադապտացիայի մեթոդով «մարդկայնացվել», որպեսզի վիրահատությունից հետո հիվանդի օրգանիզմը չմերժի դոնորական օրգանը՝ որպես օտար։ Դրա համար ԴՆԹ-ի շղթայում գիտնականները գտնում և «անջատում են» չորս՝ բացառապես խոզի գեներ (GTKO, CMAH, B4GALNT2, GHR), որից հետո այն լրացնում են մարդու վեց գեներով (CD46, CD55, CD47, THBD, PROCR, HMOX1):