ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Տաթև

 

 

Տաթևի վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզում` Գորիսում, նույնանուն գյուղից գրեթե մեկ կիլոմետր հեռավորության վրա: Վանքը հիմնվել է բարձրաբերձ ժայռերի հրվանդանի վրա: Այն հարավ-արևելքից պաշտպանում Է Որոտանի կիրճը: Ժամանակի ընթացքում վանքը ձեռք է բերում մեծ հեղինակություն և դառնում Սյունյաց նահանգի պատմության անբաժանելի մասը և Հայաստանի վանական համալիրների մեջ գրավում իր ուրույն ու առաջնակարգ տեղերից մեկը: Տաթևի վանքը իր հիմնադրումից դեռ շատ չանցած, դառնում է նշանավոր ու ազդեցիկ վանական կենտրոններից մեկը, որի տիրապետության ներքո էին գտնվում թե՛ ընդարձակ տարածքներ, թե՛ ամբողջ գյուղեր: Այս մասին ամենավաղ հիշատակությունը գտնում ենք Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ: Տաթևի վանքը նշանակալի դեր է կատարել նաև երկրի մշակութային կյանքի զարգացման գործում: Հենց այս վանքում են կենտրոնացված եղել հազարավոր արժեքավոր ձեռագրեր, վանքապատկան և իշխանական բազմաթիվ վավերագրեր ու այլ պայմանագրեր: Վանքի մշակութային կենտրոն լինելու մասին վկայում է նաև այն, որ Տաթևի բարձրագույն դպրոցից, մանրանկարչության դպրոցից, բազմաթիվ տարաբնույթ արվեստանոցներից դուրս եկած հոգևորականների, նշանավոր փիլիսոփաների ու աստվածաբանների բույլերը զարդարում են հայ հոգևոր մշակույթի անդաստանը: Տաճարը սկսել է կառուցվել 895 թվականին և ավարտվել է 11 տարի անց` 906 թվականին: Մինչև այժմ էլ պահպանվել է վանքի արևմտյան ճակատի վրայի Հովհաննես եպիսկոպոսի խաչքարը, որը տաճարի շինարարության մասին հատուկ արձանագրություն է: Նոր տաճար կառուցելուց հետո վանքում իրար հետևից սկսվում են կառուցվել նաև սեղանատուն, գրատուն, դամբարան, զանազան արհեստանոցներ, պահեստներ և շատ ու շատ օժանդակ և օգտակար կառույցներ, որոնք պետք է օգնեին վանքին որպես վանական համալիր հանդես գալուն: Տաթևը  ինչպես խորհրդային տարիներին, այսօր էլ հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջության լավագույն վայրերից, իսկ այսօր ավելի գրավիչ է դարձել իր ճոպանուղով, որը համարվում է աշխարհում ամենաերկար ճոպանուղին: Ձգվում է Հալիձոր գյուղից մինչև Տաթևի վանք: Ճոպանուղին կառուցվել է 2010 թվականին « Տաթևի վերածնունդ և վերակառուցում» ծրագրի շրջանակներում: Տաթևի ճոպանուղին ունի 5.7 կմ երկարություն, ճանապարհի տևողությունը կազմում է 10-11 րոպե: Ճոպանուղու մեկ վագոնը տեղավորում է մինչև 25 մարդ: