ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Մադամ Տյուսոյի թանգարանը

 

Լոնդոնում գտնվող Մադամ Տյուսոյի մոմե տիկնիկների թանգարանը մեկ տարվա ընթացքում 2 միլիոնից ավելի այցելու է ընդունում: Այստեղ ցուցադրվող հանրահայտ անձանց թանգարանային նմուշները հազարից ավելի են:

Մադամ Տյուսոյի  իսկական անունը Մարի Գրոսհոլց է, նա ծնվել է Ստրասբուրգում 1760թ:

Ժամանակի հետ Մարին հրաշալի քանդակագործ է դառնում: Մի դարաշրջանում երբ լուսանկարչությունը դեռ գոյություն չուներ, իսկ նկարչին դիմանկար պատվիրելը թանկ արժեր, նրբակերտ մոմե տիկնիկները մեծ վայելում ունեին: Մարին քանդակում էր նաեւ հեղափոխության կենդանի հերոսների արձանները. օրինակ՝ Ռոբեսպիերը, դեռ չիմանալով, որ մի օր էլ իրեն կգլխատեն, համաձայնությունը տվել էր իր կիսանդրին պատրաստելու համար:

Լոնդոնում գտնվելու առաջին իսկ օրերից Մարին գլխի է ընկնում, թե անգլիացիները որքան են սիրում իրենց պատմությունը և անմիջապես գործի է անցնում:

Աշխարհով մեկ  ճանապարհորդելու տարիներին մադամ Տյուսոյի թանգարանային նմուշների մի մասը հրդեհի պատճառով ոչնչացավ, իսկ մեծ մասը խորտակվեց նավի հետ ինչը Տյուսոյի համար համարժեք էր մահվան...Բայց նա իր մեջ ուժ է գտնում ամեն ինչ նորից սկսելու:Նյութեր գնելու համար բանկից գումար վերցնելով, նա առավոտից մինչև ուշ գիշեր քանդակներ էր անում,հագուստներ կարում. նրան հաջողվում է ոչ միայն վերաստեղծել ողջ հավաքածուն, այլև դրանք համալրել նոր նմուշներով:

Մի անգամ Մարին թերթի մեջ կարդում է մի դաժան սպանության մասին: Նրա գլխում անմիջապես միտք է ծագում Սարսափների սենյակ ստեղծել, որտեղ կարելի է վերապատկերել ամենահայտնի հանցագործությունները: Այս նոր միտքը անմիջապես հետաքրքրություն է առաջացնում հասարակության մեջ: Մադամ Տյուսոն հանրահռչակ է դառնում:

1835 թ վաստակելով անհրաժեշտ գումար, Մարին Լոնդոնում բացում է մոմե տիկնիկների առաջին թանգարանը: 1884-ին թանգարանը տեղափոխվում է Մերիլ-բոն-ռուդ, որտեղ էլ գտնվում է մինչև այսօր: Ի դեպ մադամ Տյուսոն մահվանից 8 տարի առաջ սեփական քանդակն էր կերտել...Սև հագուստով փոքրամարմին այդ տատիկն էլ թանգարանի ճեմասրահում առաջինն է դիմավորում հյուրերին:

Նշանավոր շատ մարդիկ են երազում իրենց թանգարանային նմուշը տեսնել Մադամ Տյուսոյի թանգարանում: Բայց սեփականատերերն իրենք են որոշում, թե աստղերից ովքեր են մոմե քանդակ ունենալուն արժանի:

Թանգարանում այցելուները հանդիպում են Վիլիամ Շեքսպիրին, Չարլզ Դիկկենսին, Չարլի Չապլինին, Սոֆի Լորենին, Ուինստոն Չերչիլին, Էլիզաբեթ Թեյլորին և երևելի ու նշանավոր այլ մարդկանց: Մադամ Տյուսոյի թանգարանները զբոսաշրջիկներին ընդունում են նաև Լաս Վեգասում, Կոպենհագենում, Բեռլինում, Շանհայում: Բայց մոմե տիկնիկների ոչ բոլոր թանգարաններն են պատկանում մադամ Տյուսոյի թանգարանային ցանցին՝ չնայած այցելուների համար դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորը, որ նրանք ականատեսներն են դառնում իսկական հրաշքի: