ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Պատմության այս օրը շնորհվել է առաջին Նոբելյան մրցանակը

 

 Առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում 1901թ. դեկտեմբերի 10-ին` ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և խաղաղության ոլորտներում: Արարողությունը կազմակերպվել է Ալֆրեդ Նոբելի մահվան 5-րդ տարելիցի օրը: Իր կտակում ուժանակի (դինամիտ) և այլ պայթուցիկ սարքերի հեղինակը կարգադրել է, որ իր հսկայական կարողությունը հատկացվի մի ֆոնդի, որի տոկոսները ամեն տարի մրցանակների տեսքով կտրամադրվեն մարդկությանը առավել մեծ նպաստ բերած մարդկանց: Շատերը մինչև հիմա էլ կարծում են, որ Նոբելն այս քայլին գնաց, որ ինչ-որ կերպ մեղմի իր «մեղքը» այն հայտնագործությունների համար, որոնք հազարավոր մարդկանց կյանք են խլում:

Այսօր Նոբելյան մրցանակը համարվում է ամենապատվաբերներից մեկը աշխարհում, նրա մրցանակակիրների թվում են այնպիսի կարկառուն դեմքեր, ինչպիսիք են Մարիա Կյուրին, Ալբերտ Էյնշտեյնը, Դալայ Լաման, Միխայիլ Գորբաչովը, Նելսոն Մանդելան:

 Առաջին հայ գիտնականը, որ 9 անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, քիմիկոս Լուիջի Ջակոմո (Հակոբ) Չամիչյանն էր: Չամիչյանը լուսաքիմիայի հիմնադիրներից է, առաջիններից մեկն է ուսումնասիրել արեգակնային էներգիան լուսաքիմիական ռեակցիաներով վառելանյութի նոր տեսակի վերածելու հնարավորությունները:

Այնուհետև Նոբելյան մրցանակի են առաջադրվել աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, ֆիզիկոս Գուրգեն Ասկարյանը, գիտնականներ Յուրի Հովհաննիսյանն ու Ռայմոնդ Դամադյանը: Սակայն, ցավոք, մինչ օրս մենք չունենք Նեբալյան մրցանակակիր: