Մոլորակի ամենախելացի հինգ կենդանիները
Երկիր մոլորակի կենդանական աշխարհի ամենախելացի կենդանիների լավագույն հնգյակը գլխավորում են շիմպանզեները։ Դրանց ինտելեկտուալ հնարավորությունները երկար ժամանակ զարմացրել են մարդկանց։ Շիմպանզեները ինքնուրույն կարող են լուծել սեփական խնդիրները, ուսումնասիրել ժեստերի լեզուն և կիրառել այդ լեզուն մարդկանց հետ շփման նպատակով։ Այս կենդանիները թվեր հիշելու տեսանկյունից գերազանցում են մարդկանց։ Դրանց կարելի է նույնիսկ սովորեցնել համակարգչի վրա պարզագույն հաշվարկներ կատարել։
Երկրորդ տեղում դելֆիններն են։ Այս կենդանիներն իրար հետ շփվելու բարդ լեզու ունեն։ Ծովային պատերազմների ժամանակ դելֆինները սուրհանդակների դեր են կատարել։ Դելֆինների գլխուղեղի ճակատային և կեղևային մասերի ծավալը 40 տոկոսով ավելի մեծ է մարդկանց գլխուղեղի համապատասխան բաժիններից։
Խելացիության ցուցանիշով երրորդ տեղում են օրանգուտագները։ Այս կապիկները սեփական մշակույթն ու սոցիալական կապերն ունեն։ Դրանց սոցիալական հնարավորությունները նպաստում են ճանաչողական հմտությունների զարգացմանը։ Այս կենդանիները կարողանում են հմտորեն օգտվել իրենց ձեռքի տակ հայտնված իրերից ու գործիքներից։
Չորրորդ տեղում փղերն են։ Ու դրա համար այս կենդանիները պարտական են իրենց գերբնական հիշողությանը։ Փղերը արտասովոր են նաև նրանով, որ ուտելուց առաջ մաքրում են սնունդը, ողբում են երամակից փղի կորուստը։
Հինգերորդ տեղում ագռավներն են։ Սրանք շատ խորամանկ թռչուններ են։ Այս թռչունները ընկույզի սիրահար են։ Նրանք հավաքում են ընկույզը և թափում ճանապարհներին, որպեսզի դրանցով սլացող մեքենաները ջարդեն ընկույզները և ուտելը հեշտ լինի։ Այս թռչունները տիրապետում են նաև լուսակիրներից ճիշտ օգտվելու կանոններին։