ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Արևմտյան Անտարկտիդայի սառույցների հալչելը կբարձրացնի համաշխարհային օվկիանոսի մակարդակը 4.5 մ-ով. ՆԱՍԱ

 

Անտարկտիկական սառցե շերտի արևմտյան հատվածի հալչելն անդառնալի գործընթաց է, որը կարող է հանգեցնել եկող հարյուրամյակում համաշխարհային օվկիանոսի մակարդակի 4.5 մ-ով բարձրացման։ Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, այս մասին նշվում է ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի և Կալիֆոռնիայի համալսարանի համատեղ զեկույցում։ Զեկույցի հեղինակները բացատրում են, որ Անտարկտիկական սառցե շերտի արևմտյան հատվածի հալչելու գործընթացը կլիմայի գլոբալ տաքացման, ինչպես նաև Անտարկտիդայի օդային հատվածում եղած օզոնային ճեղքի հետևանք է, որը հանգեցրել է անտարկտիկական քամիների ուղղությունների փոփոխության։ Այս փոփոխությունն էլ իր հերթին հանգեցրել է տարածաշրջանում ջրի ջերմաստիճանի բարձրացմանը։ Նշվում է, որ զեկույցը հիմնված է ՆԱՍԱ-ի՝ 40 տարի տևած հետազոտությունների, ինչպես նաև ինքնաթիռներից, արբանյակներից ուղարկված տվյալների վրա։ Մասնագետներն ընդգծել են, որ այժմ բնության մեջ տեղի են ունենում շղթայական ռեակցիաներ, որոնք արդեն անհնար է կանգնեցնել։ Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ սառույցների ամբողջական հալչելու գործընթացը կտևի հարյուրամյակներ, և մենք ներկայում ականատես ենք լինում միայն սկզբնական փուլին։ Աղբյուրը հավելում է, որ Անտարկտիկական սառցե շերտում պահպանվում է Երկրի քաղցրահամ ջրերի 61%-ը։