Բջջային հեռախոսներն աշխարհն ավելի կրթված են դարձնում. ՅՈՒՆԵՍԿՕ
Բջջային հեռախոսները չեն հիմարեցնում մոլորակի բնակչությանը, ինչպես սիրում են պնդել շատերը, այլ, ընդհակառակը, աշխարհն ավելի ընթերցասեր և կրթված են դարձնում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գաջեթների շնորհիվ տեքստային տեղեկությունների հասանելիություն կարող են ստանալ նաև աշխարհի քիչ կրթված և ոչ գրագետ շրջաններում: Վերլուծությունն արվել է 7 երկրներում՝ Եթովպիա, Գանա, Քենիա, Նիգերիա, Զիմբաբվե, Հնդկաստան և Պակիստան։ Անգրագիտության միջին մակարդակն այդ երկրներում մոտ 20% է երեխաների և մոտ 34%՝ մեծահասակների մոտ։ Գիրքը նրանց համար շատ հաճախ համարվում է անթույլատրելի շքեղություն։ Հարցմանը մասնակցել է 5.000 մարդ՝ տարբեր սոցիալական խմբերից, տարբեր սեռի և տարիքի։ Նրանց բոլորին միավորում է միայն մեկ բան՝ նրանք բոլորը տեքստեր են կարդում բջջային հեռախոսի էկրանից։ Եվ նրանց բացարձակ մեծամասնությունը՝ 62%, վստահեցնում է, որ սկսել է ավելի շատ կարդալ, քանի որ բջջային հեռախոսն ավելի հարմար է, քան գիրքը։ Հարկ է նշել, որ այստեղ խոսքը բոլորովին էլ սմարթֆոնների մասին չէ, այլ՝ ամենասովորական հեռախոսների։ Հիմնական պատճառը, որ մարդիկ սկսում են կարդալ բբջային սարքով, տեղեկության հասանելիությունն է։ Բացի այդ, էլեկտրոնային գրքերի արժեքը ցածր է, իսկ հաճախ՝ պարզապես անվճար։ Ինչևէ, հետազոտությունում չի նշվում, թե արդյոք կարող է բջջային հեռախոսն ընթերցել չսիրող մարդուն ստիպել կարդալ։ Բոլոր հարցվածները կարդացել են նաև մինչ բջջային հեռախոսների հայտնվելը։ Կարելի է մտածել, որ հեռախոսները չեն կարող կտրուկ փոխել գրագիտությունը։ Սակայն, հաշվի առնելով, որ հարցվածների 1/3-ն իրենց երեխաների համար գրքեր են կարդում հեռախոսից, ապա դրանց օգտագործումից մարդիկ, ամենայն հավանականությամբ, ավելի անգրագետ չեն դառնում։