ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

ԴԱԼԻԻ ԱՐՎԵՍՏԻ ՄՈՏԻՎՆԵՐՆ ԻՆՏԵՐԻԵՐՈՒՄ

           

Morelli ընկերության դիզայներները ստեղծել են դռների բռնակների «Ժամանակակից արվեստ» հավաքածուն, որում մարմնավորել են իրենց տպավորություններն ավանգարդ դասականների գլուխգործոցներից:
Այդ հավաքածուի սերիաներից մեկում տեղ են գտել Սալվադոր Դալիի արվեստի առանձին մոտիվներ, մասնավորապես երազը՝ «կյանքի երկրորդ իրականությունը»:

Համանուն կտավում պատկերված է վառ երկնագույն երկնքում բարակ ձողերի վրա նիրհող կիսադեմ-քիթը: Բռնակի մոդելը կրկնում է նրա համաչափությունը և նման է տարածության մեջ կարծրացած գծերի համադրության: Նրա հաստությունը սահուն կերպով փոփոխվում է՝ հիշեցնելով երազի անկայունության և փոփոխականության մասին:

Դալիի «Տեսիլք» կտավը վառ է, ինչպես ժամանակի և տիեզերքի մեջ պատկերը: Բռնակի մոդելն ունի խիստ դասական ձև: Միաժամանակ նրա «բազմաշերտությունը» ստեղծում է կամարաձև տարածության մեջ աստիճանների տպավորություն և կրկնում կտավի հիմնական մոտիվը: Բռնակները պատրաստված են ZAMAC հատուկ ձուլվածքից և տարբերվում են ինքնատիպ հարդարմամբ. դրանց մակերեսը բաղկացած է տասը շերտից (երեք պղնձե, նիկելից, քրոմից, գունավոր, պաշտպանիչ, լաքի երկու շերտից և ինովացիոն նյութից): Ինովացիոն նյութը կայուն է մաշվածության և արտաքին միջավայրի ազդեցության նկատմամբ: Բռնակների երաշխիքային ժամկետը 7 տարի է: