ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Նորվեգական ընկերությունը 2030 թ զրոյական արտանետումներով էլեկտրական զբոսանավ կներկայացնի

Նորվեգական «Hurtigruten» զբոսաշրջային ընկերությունը ներկայացրել է զրոյական արտանետումներով, արևային մարտկոցներով հավաքվող առագաստներով էլեկտրական զբոսանավի ստեղծման ծրագրերը, որը նավարկության է դուրս գալու 2030 թվականին:
«Sea Zero» նախագծի մասին  ի սկզբանե հայտարարվել էր 2022 թվականի մարտին, և այդ ժամանակից ի վեր նորվեգական «Hurtigruten» ընկերությունը 12 ծովային գործընկերների և նորվեգական SINTEF հետազոտական ​​ինստիտուտի հետ միասին  տեխնոլոգիական լուծումներ է փնտրում, որոնք կարող են օգնել առանց վնասակար արտանետումների ծովային ճանապարհորդություն ապահովելու համար։
Զբոսանավն աշխատելու է 60 մեգավատ հզորությամբ մարտկոցներով, որոնք նավահանգստում կարող են լիցքավորվել մաքուր էներգիայով, քանի որ էներգիայի վերականգնվող աղբյուրները կազմում են Նորվեգիայի էներգահամակարգի 98%-ը: Նորվեգական «Hurtigruten» ընկերության ծովային գործառնությունների գծով ավագ փոխնախագահ Ջերի Լարսոն-Ֆեդեն, ով  զրոյական արտանետումներով նավի գաղափարի հեղինակն է, հաշվարկել է, որ մարտկոցների գործողության հեռավորությունը կկազմի 300-ից 350 ծովային մղոն, ինչը նշանակում է, որ 11-օրյա ճամփորդության ընթացքում մեկնման և հետդարձի համար նավը պետք է լիցքավորվի յոթ կամ ութ անգամ։
Մարտկոցից կախվածությունը նվազեցնելու համար քամոտ եղանակին տախտակամածին վեր կբարձրացվեն երեք հավաքվող առագաստները՝ հասնելով առավելագույնը 50 մետր բարձրության: Առագաստները ծածկված են լինելու ընդհանուր առմամբ 1500 քառակուսի մետր մակերեսով արևային մարտկոցներով, որոնք էներգիա կգեներացնեն նավարկելիս մարտկոցները լիցքավորելու համար, իսկ մարտկոցի լիցքավորման մակարդակը կցուցադրվի նավի վրա։
Նավը կունենա 270 խցիկ, որտեղ կտեղավորվեն 500 հյուրեր և անձնակազմի 99 անդամներ, իսկ դրա շրջահոսելի ձևը կհանգեցնի օդի ավելի փոքր դիմադրության, ինչը կօգնի էլ ավելի նվազեցնել էներգիայի սպառումը: Զբոսանավում հյուրերին կառաջարկվի նվազագույնի հասցնել կլիմայի վրա իրենց ազդեցությունը ինտերակտիվ բջջային հավելվածի միջոցով, որը հետևում է նրանց  ջրի և էներգիայի անձնական սպառմանը:

news.am