ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները ստեղծել են բազմակի օգտագործման թղթի նոր տարբերակ 

Սինգապուրի Նանյանի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները մշակել են բազմակի օգտագործման թուղթ: Նոր թուղթը ստանալու համար նույնիսկ պետք չէ ծառեր կտրել, փոխարենը անհրաժեշտ ելանյութը կարելի է հավաքել այնպիսի բույսերից, ինչպիսիք են արևածաղիկը, կամելիան կամ լոտոսը:
Նոր թղթի ստացման գործընթացը նման է օճառի արտադրության մեթոդին։ Սկզբում կալիումի հիդրօքսիդի օգնությամբ հեռացնում են ծաղկափոշու հատիկների կոշտ արտաքին թաղանթը: Այնուհետև փափուկ ներքին նյութից ստանում են գել, որը մաքրում են դեոնացված ջրում։ Ստացված գելը լցնում են հարթ կաղապարի մեջ և թողնում, որպեսզի այն չորանա, ինչից հետո 0,03 մմ հաստությամբ թերթիկը մշակում են քացախաթթվով, որպեսզի այն խոնավության նկատմամբ կայուն լինի:
Նոր թուղթն ավելի ճկուն է և թափանցիկ սովորական թղթի համեմատ, սակայն այդ հանգամանքը չի խանգարում, որպեսզի այն օգտագործեն սովորական լազերային տպիչի համար։
Նոր թղթի վրա արված տպագրությունը որակապես չի զիջում սովորական թղթի վրա արված տպագրությանը, և ավելին այն կմնա այնպիսին, ինչպիսին կա, նույնիսկ եթե թղթին կպչուն ժապավեն փակցնեն և պոկեն կամ թուղթը դնեն ջրի մեջ:
Որպեսզի թուղթը մաքրվի և այն հնարավոր լինի կրկին օգտագործել, պետք է թերթիկն ընկղմել ալկալային լուծույթի մեջ և փոքր-ինչ տրորել, գելը կուռչի, իսկ տոները կքայքայվի և կառանձնանա։ Այնուհետև արդեն մաքուր թուղթը պետք է հինգ րոպեով դնել էթանոլի մեջ, որպեսզի գելը վերադառնա նախկին վիճակին։ Ստացված գելը կրկին լցնում են հարթ կաղապարի մեջ և թողնում, որպեսզի այն չորանա և նորից մշակում քացախաթթվով։
Այս գործընթացը մեկ թերթիկի համար կարելի է կրկնել մինչև ութ անգամ՝ առանց թերթիկի ամբողջականության կամ որակի կորստի։

168.jam