Ադամանդի թերությունը գիտական անհավանական բացահայտման առիթ է դարձել
Անհավանական հայտնագործություն է արել Նևադայի համալսարանի ակնագործ Օլիվեր Շաուները: Մասնագետն ադամանդ է ստացել Բոտսվանայից: Քարն այնքան էլ որակով չի եղել, քանի որ առկա է եղել պղտորություն, ըստ ամենայնի ինչ-որ բան էր ներթափանցել ադամանդի մեջ դրա ձևավորման ժամանակ։
Թեև ադամանդի պղտորությունը նվազեցրել է քարի արժեքը ոսկերչական տեսանկյունից, սակայն գիտնականը վերցրել է սպեկտրոգրաֆը՝ որոշելու, թե ինչ է հայտնվել քարի ներսում և ինչպես է դա տեղի ունեցել: Ադամանդները ժամանակային պարկուճներ են, որոնք հնարավորություն են տալիս հասկանալու մեր մոլորակի հեռավոր անցյալը և տեսնել, թե ինչպես է ձևավորվել Երկիրը, ո՛ր քիմիական տարրերն ինչ հերթականությամբ են հայտնվել:
Ռենտգենյան ճառագայթի տակ ուսումնասիրելով ադամանդը՝ գիտնականը տեսել է մեկ այլ հանքանյութի փոքրիկ բյուրեղներ: Բայց ինչպե՞ս է քարը հայտնվել մեկ այլ քարի մեջ, և ի՞նչ հանքանյութ է դա: Այս հարցերին պատասխանելու համար Շաուները փորձել է լազերի միջոցով դուրս հանել ներսում գտնվող հանքանյութը և ուղարկել այն հետազոտության՝ բաղադրությունը հասկանալու համար:
Պատկերացրեք նրա զարմանքը, երբ ապարատը ցույց է տվել, որ դա կալցիումի սիլիկատի ամենահազվագյուտ ձևն է։ Գիտնականները միայն ենթադրել են, որ այն գոյություն ունի Երկրի խորքում, բայց երբեք չեն հանդիպել մակերևույթին։
Գիտնականներն այս հանքանյութն անվանել են դեյվմաոիտ: Այն ձևավորվել է անհավատալի խորության վրա՝ Երկրի «աղիներում», որտեղ ճնշումը 200 հազար անգամ ավելի բարձր է, քան մակերևույթին։ Սովորաբար ադամանդները գոյանում են մինչև 250 կիլոմետր խորության վրա։ Այս մեկն առաջացել է շատ ավելի խորը՝ մինչև 600 կիլոմետր։
Այսպիսով, ադամանդի «թերությունը» դարձել է եզակի գիտական հայտնագործության հիմք, որն ապացուցել է, որ մարդկությունը դեռ հեռու է հասկանալուց այն ամենը, ինչ թաքնված է մեր մոլորակի խորքերում և, հավանաբար, դեռևս կան գիտությանն անհայտ քարեր՝ յուրահատուկ հատկություններով, որոնք կարող են մեր կյանքը փոխել։