ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները կապ են գտել հետաքրքրասիրության և կյանքի տևողության միջև

Մադրիդի համալսարանի մասնագետները հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել բնավորության որոշակի գծերի և կյանքի տևողության միջև:
«Journal of Happiness Research»-ում հրապարակված փորձարկման տվյալները ցույց են տվել, որ առողջ երկարակեցությանը նպաստող հիմնական գործոնները երախտագիտություն և կարեկցանք ցուցաբերելու ունակությունն է, կենսուրախությունը, աշխուժությունը և, հատկապես, հետաքրքրասիրությունը:
Հետազոտությանը մասնակցել է 100-107 տարեկան մոտ 14 հազար մարդ։ Գիտնականները ուշադիր ուսումնասիրել են նրանց ապրելակերպի առանձնահատկությունները և պարզել բնավորության այն գծերը, որոնք օգնում են երկար ապրել։
Ամենակարևոր հատկանիշը հումորի զգացումով  ուղեկցվող լավատեսությունն է։ Դրանք նվազեցնում են սթրեսի ուժգնությունը, որն անխուսափելիորեն ուղեկցում է մարդկանց: Իդեալում, լավ կլինի նաև  հավատացյալ մարդ լինել, սա շատ լուրջ հոգեբանական աջակցություն է:
Թեև, նույնիսկ առանց մարդկանց ճակատագրերի վրա աստվածային ազդեցության վստահության էլ, մարդն ունակ է  լավագույնի հույս ունենալ: Չպետք է կենտրոնանալ  բացասականի վրա, կարևոր է ներել ուրիշներին և ինքներդ ձեզ թերությունների և սխալների համար. սա նույնպես լավ առողջություն և կայուն նյարդային համակարգ ունեցող մարդկանց բնորոշ հատկություններից մեկն է: Ինչն անկասկած ազդում է կյանքի տևողության վրա:
Հոգեկան  բարեկեցության համար կարևոր է նաև կրթությունը և մտավոր ակտիվությունը: Դրանք ավելացնում են կենսուրախությունը և բարձրացնում ընդհանուր հուզական տրամադրվածությունը:
Վերջապես, ակտիվ երկարակեցության  որոշիչ գործոններից մեկն էլ հետաքրքրասիրությունն է: Եթե ​​մարդուն անընդհատ ինչ-որ բան է հետաքրքրում, նա ավելի է կապված կյանքի հետ։ Ճանաչողական գործունեությունը խրախուսում է մարդուն զարգանալ և առաջ շարժվել: Նա չի կենտրոնանում մանրուքների վրա, ինչը օգնում է պահպանել էներգիան և ուժը՝ նպաստելով օրգանիզմի առողջացմանը։

news.am