Հնամենի բուժարար ոսպը
Ոսպը հնագույն մշակաբույսերից մեկն է։ Այն մշակվել է դեռեւս նեոլիթի ժամանակաշրջանից։ Ոսպի մշակումը մեծապես նպաստել է Պատմական Հայաստանի նախահայկական ցեղերի քաղաքակրթության զարգացմանը։ ՀՀ սահմաններում ոսպի մշակության բարձր մակարդակի մասին են վկայում Կարմիր բլուր բնակավայրում կատարված պեղումները։ Բույսը բազմիցս հիշատակվում է Հին Կտակարանում։
Բնական պայմաններում ոսպի 5-6 տեսակներ հանդիպում են Միջերկրական ծովի մերձափնյա տարածքներում, Փոքր Ասիայում, 2 տեսակ` Կովկասում եւ Ղրիմում։ Ոսպի գիտական անվանում է` Lens, այս բառը ունի նաեւ «լինզա» իմաստը։ Նույնանման համապատասխանություն կա նաեւ հունարեն, չեխերեն եւ հայերեն լեզուներում։
Հին հայերը իմացել են ոսպի բուժիչ հատկությունների մասին, ժողովրդական բժշկության հարուստ փորձը մեզ է հասել միջնադարի հայ բժշկապետի միջոցով։ Հին Հռոմում ոսպը օգտագործել են ստամոքսի եւ նյարդային հիվանդությունների բուժման համար։ Վաղուց ի վեր նկատել են, որ ոսպի կանոնավոր օգտագործումը հանգստացնում է նյարդերը։ Ռուսաստանում բույսի պատրաստուկներով բուժել են ծաղկախտը։ Սերմի եփուկը օգտագործել են փորկապության, երիկամաքարային, լյարդի հիվանդությունների դեպքում։ Տրորած սերմի եփուկով բուժել են լուծը։
Ա. Ամասիացին առաջարկում է օգտագործել շուտ եփվող համեղ ոսպի եփուկը. «Օգնում է դիֆթերիայի, կոկորդի եւ ականջի խոցերի, ականջացավի դեպքում։ Եթե թրջոց դրվի, կօգնի աչքի եւ կոկորդի ուռածության դեպքում։ Կբուժի գլխի խոցերը, եթե խառնեն մեղրի հետ եւ քսեն գլխին։ Փափկացնում է կուրծքը, բուժում է մրսածությունը եւ անց է կացնում կոկորդի չորանալը։ Տարրալուծում է կրծքագեղձի ուռուցքը, որն առաջացել է կաթի առատությունից»։
Հայկական ժողովրդական բժշկությունը առաջարկում է ոսպը զարկերակային ճնշման բարձրացման, աչքի սպիտակափառության, լյարդի հիվանդությունների, ջրգողության դեպքում։
Ոսպի սննդարար արժեքը բավականին բարձր է` 35 տոկոս սպիտակուցներ, 50 տոկոս ածխաջրեր, 2,5 տոկոս ճարպեր։ Հում մթերքի կալորիականությունը 340 կկալ է, եփելու ընթացքում այն կարող է նվազել մինչեւ 105 կկալ։
Բույսի սերմը պարունակում է բջջանյութ եւ պեկտին, ինչի շնորհիվ կարգավորվում է աղեստամոքսային համակարգը, դուրս են բերվում վնասակար նյութերը, կանխարգելվում ուռուցքների զարգացումը։ Ապա շատ կարեւոր է, որ ոսպը գրեթե անխոցելի է բնապահպանական տեսակետից, այն չի կուտակում նիտրատներ, զանազան այլ թունավոր նյութեր, ռադիոնուկլիդներ։ Ոսպը պարունակում է նույն զանգվածի մեջ ավելի շատ երկաթ, քան տավարի միսը եւ այլ լոբազգիները (համապատասխանորեն` 4 եւ 1,5 անգամ), որի շնորհիվ օգտակար է սակավարյունության դեպքում։ Պարունակում է նաեւ պղինձ, մարգանեց, ցինկ, կալիում, մագնիում, ֆոսֆոր։ Հայտնի է, որ ցինկը եւ ֆոսֆորը օգտակար են տղամարդկանց, հատկապես, եթե ոսպը պատրաստված է սոխով եւ լոլիկի մածուկով կամ քարավուզով։
Ոսպը հարուստ է ֆլավոնոիդներով, որոնք իջեցնում են խոլեստերինի քանակը արյան մեջ։ Պարունակում է B խմբի գրեթե բոլոր վիտամինները։