«2030 թվականի դրությամբ աշխարհը կբախվի ջրի համաշխարհային դեֆիցիտի հետ»․ ՅՈՒՆԵՍԿՕ
Ջրային ռեսուրսների պահպանման համար աշխարհը բավարար ջանքեր չի գործադրում, և այժմ այդ հարցի ճիշտ գնահատումն առավել քան կարևոր է դարձել։
«Ջուրը մեր ամենաարժեքավոր ռեսուրսն է՝ «երկնագույն ոսկին», որին ավելի քան 2 մլրդ մարդ հասանելիություն չունի։ Այն ոչ միայն անհրաժեշտ է գոյատևման համար, այլև սանիտարական, սոցիալական և մշակութային դեր է խաղում մարդկային հասարակություններում»,- հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:
Այս խնդիրը մանրամասնորեն բացահայտվում է 200 էջանոց զեկույցում, որի հեղինակներն ընդգծում են, որ ջրի արժեքը պետք է չափել՝ ելնելով ոչ միայն դրա շուկայական գնից, այլև այն օգուտներից, որոնք կարող է բերել դրա բաշխումը։ Միևնույն ժամանակ նրանք ընդունում են, որ առայժմ չկա համընդհանուր ճանաչում ունեցող մոդել, որը թույլ կտար նման գնահատական տալ:
Զեկույցում անկախ գիտնականները պնդում են, որ «2030 թվականի դրությամբ աշխարհը կբախվի ջրի 40 տոկոս գլոբալ դեֆիցիտի հետ», և իրադրությունը կխորանա այլ գլոբալ խնդիրների, այդ թվում՝ համավարակի հետևանքների պատճառով:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ ներկայիս սանիտարական ճգնաժամի լույսի ներքո հիգիենիկ պահանջների բավարարման համար երկրի բնակիչներին ջրով ապահովելու խնդիրը դարձել է առավել քան արդիական։