ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Գիտնականների պնդմամբ՝ Երկրագնդի վրա կա գիտությանն անհայտ շուրջ 9 հազար ծառատեսակ  

Գիտնականները պարզել են, որ Երկրագնդի վրա գոյություն ունեն ավելի շատ ծառատեսակներ, քան հայտնի է գիտությանը։ Վերջին հետազոտություններից մեկի համաձայն, գիտությանը հայտնի ավելի քան 70 000 ծառատեսակներից զատ, կան ևս մոտ 9000-ը, որոնք դեռևս անհրաժեշտ է հայտնաբերել։
Ամենահազվադեպ հանդիպող ծառերն արևադարձային անտառներում են, բայց դրանք արագ անհետանում են կլիմայի փոփոխության և ծառահատման պատճառներով։ Հետազոտությունը հիմնված է տասնյակ միլիոնավոր ծառերի վերաբերյալ տվյալների վրա, որոնք ամբողջ աշխարհում աճում են ավելի քան 100 000 անտառային տարածքներում։ Որպեսզի հասկանան, թե քանի տեսակի ծառեր դեռևս պետք է բացահայտվեն, գիտնականները կիրառել են վիճակագրական մեթոդներ։
Գիտական խմբի ղեկավար, Մինեսոտայի համալսարանի դոկտոր Փիթեր Ռայխը հայտարարել է, որ ստացված արդյունքները ցույց են տալիս, թե որքան փխրուն է համաշխարհային անտառների կենսաբազմազանությունը։ «Մեր ենթադրությունները կօգնեն իմանալ, թե որ շրջաններում է կենսաբազմազանությունը հայտնվել ամենամեծ սպառնալիքի տակ։ Դրանք Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի և Օվկիանայի արևադարձային և մերձարևադարձային անտառներն են։ Եվ հենց այնտեղ, մեր գնահատմամբ, գտնվում են ամենամեծ թվով հայտնի և անհայտ հազվադեպ տեսակները։ Մենք հուսով ենք, որ նման ըմբռնումը կօգնի առաջնահերթություններ սահմանել դրանց պահպանման հետագա ջանքերում»,- BBC-ին հայտնել է Ռայխը։
Հետազոտության հեղինակներն իրենց եզրահանգումներն անվանում են անհայտ ծառերի թվաքանակի վերաբերյալ առաջին գիտականորեն հիմնավորված գնահատականը։ Համաձայն այդ տվյալների՝ աշխարհում կա ծառերի 14 %-ով ավելի շատ տեսակ, քան նախկինում ենթադրվում էր։
Անհայտ ծառերի թվով ամենամեծ մայրցամաքը Հարավային Ամերիկան է։ Դրան բաժին է հասնում 9 000 նոր տեսակների մոտ 43 %-ը։ Նրան հաջորդում են Եվրասիան (22 %), Աֆրիկան (16 %), Հյուսիսային Ամերիկան (15 %) և Օվկիանան (11 %)։
Առաջնային տարբեր անտառների գոյությունը խիստ կարևոր է մարդկության և համաշխարհային տնտեսության համար։ Երկրագնդի վրա այդպիսի անտառների ճնշող մեծամասնությունը գտնվում է արևադարձային երկրներում, սակայն այնտեղ մի քանի պատճառներով պայմանավորված դրանք հայտնվել են սպառնալիքի տակ, որոնց թվում են Արևմուտքում սպառվող սննդամթերքի բաղադրիչների աճեցումը, ներառյալ միսը, արմավենու յուղը, և սոյան, կլիմայի փոփոխությունը, հրդեհները։
Հետազոտության մեջ, որի արդյունքերը հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, մասնակցել են աշխարհի մի շարք երկրների ավելի քան 140 գիտնականներ։ 
Օքսֆորդի համալսարանից դոկտոր Յադվինդեր Մալհին նշել է, որ արևադարձային անտառներին անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնել, քանի որ դրանք հանդիսանում են «կենսաբազմազանության համաշխարհային գանձարաններ», որոնք կլանում են ածխաթթու գազի արտանետումների մեծ մասը և այդպիսով արագացնում գլոբալ տաքացումը։ «Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ արևադարձային անտառները տարբերվում են նույնիսկ ծառերի մեծ բազմազանությամբ, քան մենք կարող էինք մեզ պատկերացնել»,- նշել է նա։

hetq.am