Սանիտներ. հայ գիտնականների բացահայտումը, որը թույլ կտա պարզել լճի՝ ցիանոբակտերիաներով ծաղկման բնական պատճառները
Հայ գիտնականների նորարարությանը Սեւանը մաքրելու «դեղատոմս» է համարվում։ Հայաստանը հարուստ է բնական ադսորբենտների հանքային պաշարներով՝ ցեոլիտներ, դիատոմիտներ, պեռլիտներ, կավեր եւ այլն: Ծրագրի շրջանակներում որպես ադսորբենտ օգտագործվել են ցեոլիտները, որոնք բնական միներալներ են՝ կազմված սիլիցիումի, ալյումինի եւ թթվածնի ատոմներից: Ընտրված սորբենտի ազդեցության տակ 10 րոպեի ընթացքում մանրէների քանակը նվազել է 300 անգամ։ Փորձեր են արվում սորբենտի ազդեցության արագությունը մեծացնելու ուղղությամբ։ Հենց այս ցեոլիտների օգնությամբ մոդելային սարքի միջոցով Սեւանա լճից կկլանվեն լճի համար վնասակար միկրոօրգանիզմները, միկրոջրիմուռները, ցիանոբակտերիաները:
Եվ, ահա, տեղեկանում ենք լճի հետ կապված՝ հայ գիտնականների մեկ այլ բացահայտման մասին։ Եթե մեկ բառով, ապա՝ սեւանիտներ։ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողների ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է Սեւանա լճի ափամերձ եւ ստորգետնյա հատվածներում միկրոբիալիթների կամ սեւանիտների առկայությունը:
Միկրոբիալիթները կամ սեւանիտները նստվածքային (կարբոնատային) գոյացություններ են, որոնք առաջացել են մի քանի հազար տարիների ընթացքում ցիանոբակտերիաների (խոսքն այն կապտականաչ ջրիմուռների մասին է, որ ամեն տարի «ծաղկեցնում» է Սեւանը,- Ա.Մ.) գործունեության արդյունքում, ջրի որոշակի քիմիական կազմի եւ CO2 գազի առկայության պայմաններում: Ցիանոբակտերիաները ամենահին օրգանիզմներն են (նրանց գործունեության արդյունքում մոտ 3.7 մլրդ տարի առաջ ձեւավորվել են Երկիր մոլորակի ամենահին նստվածքային ապարները՝ ստրոմատոլիթները), որոնք արտադրում են թթվածին՝ օգտագործելով CO2 գազը ֆոտոսինթեզի ժամանակ: CO2-ը կարեւոր բաղադրիչ է ցիանոբակտերիաների աճի համար՝ ներառյալ արեւի ճառագայթները, ջուրը եւ ֆոսֆորային ու ազոտական սննդանյութերը: Սեւանիտները տարածված են Սեւանի ավազանի որոշ ափամերձ եւ խորջրյա (մինչեւ 30 մ) հատվածներում: Նախնական տվյալներով` սեւանիտները ձեւավորվել են Արտանիշ թերակղզում՝ 1.355 հազար տարի առաջ, երբ թերակղզին ջրային միջավայրում էր:
«ՀՀ»-ի հետ զրույցում Լիլիթ Սահակյանը հայտնեց, որ սեւանիտների առաջացման պայմաններն ուսումնասիրելու համար կիրականացվեն մի շարք հետազոտություններ. XRF անալիզ՝ նրանց առաջացման ժամանակ լճի քիմիական կազմի (քանի որ նման ապարներ առաջանում են ստորջրյա պայմաններում), թթվածնի իզոտոպային անալիզ (18)՝ ջրի կուտակման/գոլորշիացման հարաբերակցության, եւ ածխածնի իզոտոպային անալիզ (13)՝ լճում սննդանյութերի շրջանառության եւ արտադրողականության տվյալների բացահայտման համար: Բացի դա՝ կուսումնասիրվեն սեւանիտները պարփակող նստվածքներում դիատոմները՝ պալեոէկոլոգիական, իսկ սպոր-ծաղկափոշիները՝ բուսականության եւ կլիմայի վերականգնման համար: Սեւանիտները բնական պահոցներ են, իսկ դրանց իզոտոպային ուսումնասիրությունները հնարավորություն կտան պարզաբանել առաջացման ժամանակահատվածում պալեոմիջավայրի պայմանները։
Ըստ այդմ էլ՝ կառաջարկվեն միջոցառումներ այն չեզոքացնելու համար:
Ծրագրի նախնական ուսումնասիրություններն իրականացվել են բազային ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական Մոնպելիե համալսարանի Էվոլյուցիոն գիտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ: Գիտության կոմիտեի կողմից «Միկրոբիալիթները (սեւանիտներ) որպես Սեւանա լճի պալեոմիջավայրի պահոցներ» ծրագիրը երաշխավորվել է ֆինանսավորման, ինչը հնարավորություն կտա շարունակել ուսումնասիրությունները:
Այս ուսումնասիրությունը ներկայացվել է երկու գիտաժողովներում՝ Հայաստանում եւ Ֆրանսիայում: Եվս մեկ զեկույց 2021 թ. դեկտեմբերի 4-ին կներկայացվի Գերմանիայի Գրեյսֆալդի համալսարանում կազմակերպված աշխատաժողովում:
ԱՐՄԵՆՊՐԵՍ