ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Աշխարհի ամենատարօրինակ հարկերը

 

Դեռևս XVIII դարում Բենջամին Ֆրանկլինն ասել էր, որ կյանքում չկա ոչ մի անխուսափելի բան, բացառությամբ մահվան և հարկերի: Մինչդեռ վերջինն առաջացել էր հայտնի քաղաքական գործչի ելույթից առաջ: Հարկերը հավաքելու կարիքը առաջացել էր այն ժամանակ, երբ սկսեցին ձևավորվել առաջին պետությունները: Սկզբում հարկ պետք է տային հողերի, անասունների և աշխատողների համար: Սակայն պետությունների պահանջները շարունակում էին աճել, որի հետ զուգահեռ առաջանում էին հարկերի տարբեր տեսակներ:Forbes-ն  ընտրել է ամենատարօրինակ հարկերը, որոնք ներկայում գործում են աշխարհի տարբեր երկրներում:

 Հարկ գիպսի համար (Ավստրիա)

 

Ավստրիան Եվրոպայի ամենահայտնի լեռնադահուկային հանգստի վայրերից մեկն է: Ամեն տարի ամբողջ աշխարհից այստեղ են գալիս բազմաթիվ դահուկորդներ և սնոուբորդիստներ, որոնցից էլ որոշել են հարկեր գանձել: Զբոսաշրջիկների մոտ բժշկական ապահաովագրության առկայությունը ավստրիական իշխանություններին ոչ բավարար է թվացել, որի համար նրանք սկսել են կիրառել հատուկ լեռնադահուկային մուծումներ, որոնք ստացել են «Գիպսի հարկ» անունը: Տարեկան մոտ 150.000 լեռնադահուկորդներ սահելու ժամանակ ստանում են տարբեր տեսակի վնասվածքներ և հայտնվում են հիվանդանոցներում: Հաշվելով նրանց ընդհանուր բուժման գումարները, ավստրիական իշխանությունները որոշեցին հատուկ վճար գանձել՝ լեռնադահուկային ծառայությունների ծախսերը փակելու համար: Բոլոր հավաքված գումարները փոխանցվում են Ավստրիայի բուժհաստատություններին՝ կոտրվածքներ և այլ վնասվածքներ բուժելու համար:

 

 Խաղաղության հարկ (Գվինեայի Հանրապետություն)

 

Արևմտյան Աֆրիկայի երկրները պատկանում են աշխարհի ամենաաղքատ երկրների շարքին: Չնայած դրան, նրանց բնակիչները վճարում են բազմաթիվ հարկեր, որոնցից շատերը կարելի համարել առնվազն տարօրինակ: Օրինակ Գվինեայի Հանրապետության քաղաքացիները, որի գրեթե ողջ բնակչությունը գտնվում է աղքատության եզրին, մինչև այժմ վճարում է խաղաղության հարկ, չնայած, որ երկրում ռազմական գործողություններ չեն իրականացվում: Խաղաղ կյանքի ամեն տարին բնակչության վրա արժենում է մոտ 17 եվրո, որը գվինեացիների համար զգալի գումար է:

 

Արևի հարկ (Բալեարյան կղզիներ)

 

 Բալեարյան կղզիներում 2000-ականների սկզբից կիրառվում է «արևային» տուրք: Արևի համար հարկ պետք է վճարեն կղզի այցելող բոլոր զբոսաշրջիկները: Ճանապարհորդները՝  հանրահայտ Իբիցա, Մայորկա, Մենորկա և այլ կղզիների հանգստյան գոտիներ այցելողները, օրական պետք է վճարեն 1 եվրո: Արևի հարկի արդյունքում հավաքված գումարները երկրի իշխանություններն ուղղում են զբոսաշրջային ենթակառուցվածքի կատարելագործման վրա:

 

Խորովածի հարկ (Բելգիա)

 

2007 թվականի ապրիլին  բելգիական Վալլոնիա շրջանի կառավարությունը, որի տարածքում ապրում է մոտ 4 միլիոն մարդ, գլոբալ տաքացման դեմ որոշել է պայքարել յուրօրինակ ձևով՝ կիրառելով խորովածի հարկ: Նման տուրքի կիրառման նպատակահարմարությունը հաստատել են բնապահպանները, որոնք նշում են, որ խորովածի պատրաստման դեպքում մթնոլորտ միջինը արտանետվում է 50-100 գրամ ածխաթթու գազ: Վալլոնիայի այն բնակիչները, որոնք ցանկանում են խորոված պատրաստել իրենց բակում, պետք է վճարեն հարկ՝  20 եվրոյի չափով: Տուրքը վճարելուց խուսափելը գրեթե անհնար է, որովհետև վերահսկողությունը իրականացվում է երկնքից:

 

Հարկ միանգամյա օգտագործման սննդի փայտիկների համար (Չինաստան)

 

 Ուտելիքի փայտիկները համարվում են Արևելյան Ասիայի խոհանոցային ավանդական առարկա: Դրանք ստեղծվել են մոտ 3.000 տարի առաջ և շատ արագ մեծ թվով երկրպագուներ էին վաստակել: Այսօր Չինաստանում ուտելիքի փայտիկներին մեծ նախապատվություն են տալիս և քաղաքացիները հատուկ հարկ են մուծում դրանք օգտագործելու համար: Փայտիկների արժեքի 5%-ի չափով հարկը գանձվում է նրա համար, որպեսզի անտառները պաշտպանվեն անտառահատումներից: Տարեկան Չինաստանում օգտագործվում է փայտիկների մոտ 45 միլիարդ զույգ, որոնց պատրաստման համար ոչնչացվում է շուրջ 25 միլիոն ծառ:

 

Հարկ դաջվածքների և պիրսինգների համար (ԱՄՆ)

 

Ամերիկյան Արկանզաս նահանգի բնակիչները  դաջվածք կամ պիրսինգ կատարելուց առաջ, պետք է լավ մտածեն: Մասնագետի գումարից զատ, նրանք պետք է վճարեն նաև հատուկ տուրք, որը արդեն տեղ է զբաղեցրել ԱՄՆ ամենատարօրինակ հարկերի վարկանիշային ցանկում: Պիրսինգի և դաջվածքի համար նախատեսված հարկը Արկանզասում գործում է 2005 թվականից, և կազմում է յուրաքանչյուր դաջվածքի կամ պիրսինգի գնի 6%-ը:

 

 

Հարկ ստվերի համար (Վենետիկ)

 

90-ականների սկզբին Վենետիկում թույլատրել էին, որ հարկ կարելի վերցնել ոչ միայն նյութական կառույցներից, այլ նաև ստվերից: Տարօրինակ տուրքը պետք է վճարեին գրեթե բոլոր խանութների, ռեստորանների և սրճարանների տերերը, որոնց հաստատությունների ստվերն ընկնում էր քաղաքապետարանի հողի վրա: Գործարարների մի մասը հեռացրել են իրենց կառույցների հովանոցները, իսկ նրանք, որոնք որոշեցին պահպանել իրենց շինությունների տեսքը, ամեն տարի վճարումներ են կատարում Վենետիկի գանձարանին::

 

 Հարկ քաղաքացիական ամուսնության համար (Չինաստան)

 

Քաղաքացիական ամուսնությունը նոր երևույթ չէ: Այն XVI դարում առաջ է եկել Հոլանդիայում, երբ տարբեր հավատքներին պատկանող մարդիկ չէին կարող ամուսնանալ եկեղեցում:  Չինաստանում դեռևս 90-ականների կեսերին սկսվեց կիրառվել քաղաքացիական ամուսնությունների համար նախատեսված հարկ: Չգրանցված զույգերից նման հարկ գանձելու գաղափարը առաջացել էր չինական Տյանցզին քաղաքում՝ 1996 թվականին: Այդ ժամանակից չգրանցված ամուսնությունը «իրավախախտների» համար արժենում է տարեկան 1000 յուան, որը կազմում է մոտ 120 եվրո:

 

 Հարկ «գիտակցությունը լայնացնելու» համար (ԱՄՆ)

 

 

2005 թվականից սկսած Թեննեսի նահանգում հարկ է դրվել հոգեմետ դեղերի վրա: Հարկման ենթակա նյութերի ցուցակում են հայտնվել մարիխուանան, կոկայինը, էքստազին և այլ թմրադեղեր: Առևտրականներին առաջարկվում է, որպեսզի նրանք հարկերը վճարեն անանուն, իսկ ձերբակալության դեպքում նրանք կարող են ներկայացնել վճարման ապացույցները, որպեսզի նրանց պատիժը մեղմացվի: