Միայնությունը նույնքան վտանգավոր է կյանքի համար, որքան ճարպակալումը
Բրիգման Յանգի համալսարանի մասնագետները վերլուծել են տարբեր բժշկական հետազոտությունները և եկել եզրակացության, որ մենակությունը ավելի վտանգավոր է, քան ընդունված էր համարել: 3 000 000 մարդու մասնակցությամբ իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ միայնությունը և սոցիալական մեկուսացվածությունը նույնքան վտանգավոր են կյանքի համար, որքան ճարպակալումը: Հետազոտողները հաշվի են առել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը, սեռը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը և հիվանդությունները: Հետազոտությունը ցույց է տվել, որ միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը` նույնչափ, որչափ ճարպակալումը: Գիտնականները մատնանշում են, որ սա վերաբերում է ինչպես սթրեսի պատճառով մեկուսացողներին, այնպես էլ ինտրովերտներին, ովքեր սիրում և իրենք էլ առանձնություն են փնտրում: Վերջին տարբերակը առավել բնորոշ է երիտասարդներին: Միևնույն ժամանակ՝ տարեց մարդիկ ավելի միայնակ են, ըստ ուսումնասիրության, և նրանց մահվան ռիսկերը ի սկզբանե ավելի մեծ են: Իսկ սոցիալական մեկուսացվածության և միայնության պատճառով վաղաժամ մահվան ռիսկը ավելի մեծ է 65-ից փոքր մարդկանց համար: Գիտնականները մտավախություն են հայտնել, որ շուտով մոլորակում կարող է միայնության համաճարակ բռնկվել, քանի որ մեր ժամանակներում մարդիկ ավելի ու ավելի են սկսել նախընտրել առանձնությունը: