Աշխարհում առաջին հյուրանոցը, որը կգործի ամբողջությամբ արևային մարտկոցների աշխատանքից ստացված էլեկտրաէներգիայով, կբացվի Արաբական Միացյալ Էմիրություններում, 2017 թվականի առաջին կիսամյակում: Այդ մասին հաղորդվում է InterContinental Hotels Group ընկերության կայքում: 170 սենյակ ունեցող Indigo հյուրանոցում նաև ամբողջությամբ կվերամշակվեն կոյուղու ջրերը և թափոնները: Հյուրանոցը կկառուցվի Դուբայի նոր բնակելի թաղամասերից մեկում, որը նախատեսվում է դարձնել էկոլոգիապես մաքուր: Կառուցապատող ընկերության գործադիր տնօրեն Ֆարիս Սաիդը պատմել է, որ հյուրանոցը միացված կլինի քաղաքային էլեկտրացանցին: Այդկերպ արտադրվող էներգիայի ավելցուկը հնարավոր կլինի վաճառել այլ սպառողների: Սաիդի խոսքով՝ դա թույլ կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի արժեքը մոտ 25-30 տոկոսով: