ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Երեխայի 2000-ամյա կմախքը բացահայտում է եգիպտացիների դաստիարակության դաժանությունը

 

Դախլա անապատում պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են երկու տարեկան երեխայի կմախք, որի հետազոտությունները ապշեցնող  արդյունքներ են տվել: Գտածոն հայտնաբերած Սանդրա Ուիլերը պատմում է, որ մասունքների վրա առկա են եղել բազում կոտրվածքների հետքեր:

Գիտնականները համալիր հետազոտություններից հետո պարզել են, որ կոտրվածքները հիմնականում եղել են թևերին, մատներին, կոնքերին ու ողնաշարին: Վնասվածքները եղել են ապաքինման տարբեր փուլերում, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ դրանք պատահական բնույթ չեն կրել: Բացի այդ, մանկական ոսկորները շատ ավելի ամուր են, քան մեծահասակներինը, ուստի դրանք կոտրելու համար պետք է հատուկ ջանքեր թափել: Նման կոտրվածքներ հասցնելու համար պետք էր, որ մեկը բռներ երեխային, մյուսն էլ շեշտակի ուժգին հարվածներ հասցներ նրա որոշակի հատվածներին:

«Հավանական է, որ անրակի կոտրվածքը դարձել է վերջին վնասվածքը, որից հետո երեխան մահացել է: Մենք գիտենք, որ եգիպտացիները երեխաներին սրտացավությամբ էին վերաբերում, սակայն հռոմեացիների տիրապետությունից հետո նրանք էլ որդեգրեցին դաժան դաստիարակության մշակույթը: Հռոմեացիների համար սովորական էր երեխաներին մարմնական պատիժների ենթարկելը, նորածիններին լաստին կապած գետն իջեցնելը, պարբերաբար սառցե ջրում լողացնելը»,- պատմում է հնէաբանը: