ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Բուժման ամենատարօրինակ  եղանակները բժշկության պատմության մեջ

Հնուց ի վեր բժշկության կարևորագույն սկզբունքն է «մի՛ վնասիր»։ Բայց ոչ վաղ անցյալում բժիշկներն ու այլ մասնագետներ հաճախ են բուժման կասկածելի, երբեմն նաև մահացու վտանգավոր միջոցներ կիրառել։ Ահա դրանցից մի քանիսը։

 

 

 

 

 

Բորբոսնած հաց

Հին Եգիպտոսում բորբոսնած հացը կիրառվել է վերքերն ախտահանելու նպատակով։ Հետագայում միայն Լուի Պաստերը պարզել է, որ բորբոսնած հացի մեջ գոյություն ունեն որոշ սնկեր, որոնք խաթարում են մանրէների գոյացումը։

Մետամֆետամին
Մետամֆետամինով (թմրանյութ) բուժման մեթոդը տարածվել է Ադոլֆ Հիտլերի շնորհիվ, ով տառապում էր հիպոխոնդրիոզով (հոգեկան խանգարում, երբ հիվանդին թվում է, թե առողջական որոշ խնդիրներ ունի)։ Հիտլերի բժիշկը պարբերաբար մետամֆետամին էր ներարկում նրան, որի արդյունքում Հիտլերն առավել առույգ, ուշադիր էր դառնում։

Բուժում աղիքային գազերի միջոցով
Միջնադարում կարծում էին, որ բուժման այս եղանակով կարելի է խուսափել ժանտախտով վարակվելուց։ Որոշ բժիշկներ խորհուրդ էին տալիս ապակե տարրաներում կուտակել աղիքային գազերը և հաճախակի շնչել կուտակած օդը։

Սատկած մկներից պատրաստված մածուկներ
Հին Եգիպտոսում ատամնացավերի ժամանակ խորհուրդ էին տալիս սատկած մկներից պատրաստված մածուկով ողողումներ կատարել։ Բացի այդ, Անգլիայում մաշկի վրա գոյացած գորտնուկների վրա մեջտեղից կիսած մուկ էին դնում։ Մկներ կիրառել են նաև կարմրուկի, ծաղիկի և գիշերամիզության բուժման նպատակով։

Կոկորդիլոսի արտաթորանք
Հին Եգիպտոսում կոկորդիլոսի արտաթորանքը կիրառվել է որպես հակաբեղմնավորիչ միջոց։ Չորացված կեղտը տեղադրվել է կնոջ սեռական օրգանի մեջ, այն ջերմությունից փափկել է, ու կարծել են, թե կպաշտպանի անցանկալի հղիությունից։

Մկնդեղ
Մկնդեղն ամենահայտնի թույներից է։ Դարեր շարունակ չինական բժշկության մեջ այն կիրառվել է իբրև դեղամիջոց, իսկ 18-րդ դարի վերջերին համարվել է մալարիան, սիֆիլիսը, շաքարախտն, արթրիտը կանխող միջոց։ Այն նաև կոսմետիկ միջոց է եղել։

Օձի յուղ
Չինական ավանդական բժշկության մեջ օձի թույնը մինչ օրս կիրառվում է անոթների ցավերի բուժման նպատակով։ Հայտնի է, որ օձի յուղը օմեգա-3 թթուների աղբյուր է և հակաբորբոքային ազդեցություն ունի։

Շան արտաթորանք
Շան արտաթորանքն օգտագործվել է կոկորդի ցավերը մեղմելու նպատակով։ Այն կիրառվել է նաև վերքերը մշակելու համար։

Շնաձկան աճառ
Երբ 1950-ական թթ. բացահայտվել է, որ շնաձկները քաղցկեղով չեն հիվանդանում, դրանց աճառն սկսել են կիրառել որպես հակաքաղցկեղային միջոց։ Բայց արդի բժշկությունն ապացուցել է, որ նման եղանակով քաղցկեղի դեմ պայքարելն անիմաստ է։

Ծխախոտ
19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին բժիշկները կարծել են, թե ծխախոտի ծուխը կանխում է ասթման և քաղցկեղը։

Հերոին
Ժամանակին հերոինով բուժել են հազը, մրսածությունը, ցավերը։ Բայց քանի որ դեղամիջոցը կախվածություն է առաջացրել, դրա կիրառումն արգելվել է։

Սնդիկ
Մինչ նախորդ դարի սկիզբը սնդիկը կիրառվել է որպես սիֆիլիսը կանխող միջոց։ Բայց արդյունքում դրանով «բուժվողները» կորցրել են ատամները, նրանց օրգանիզմում զանազան խոցեր, նյարդային խանգարումներ են առաջացել, ոմանց համար սնդիկով բուժումը մահացու ելք է ունեցել։