ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

«Գուգաս» մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս կիսել ճանապարհածախսը


«Գուգաս» (Gugas) հայկական ստարտափը նոր հարթակ է ստեղծում քարփուլի (carpool) և տաքսի ծառայության համար: Քարփուլը հնարավորություն է տալիս ուղևորներին միանալու և կիսելու նախապես պլանավորած ուղիների ճանապարհածախսը:

Այս ստարտափի հեղինակներն են երիտասարդ ծրագրավորողներ Կարլեն Մանասերյանը, Հայկազ Բագրատյանը և Ալբերտ Համբարձումյանը:
Ծրագիրը բաղկացած է երկու հավելվածներից՝ «Գուգաս» և «Գուգաս դրայվեր»: Առաջին հավելվածը նախատեսված է ուղևորների համար: Այստեղ նրանք կարող են նախապես առաջարկված երթուղի ընտրել կամ առաջարկել նորը, ընտրել՝ քանի ուղևորով կցանկանան լինել մեքենայում, տաքսի պատվիրել և այլն: «Գուգաս դրայվեր»-ը գործում է վարորդների համար, ովքեր քարփուլի համար նախապես ստեղծում են ուղիներ կամ դառնալով տաքսիի վարորդ՝ պատվերներ են ընդունում, ընտրում են հաճախորդների:
Ստարտափի հեղինակների հավաստմամբ՝ քարփուլի ծառայությունը գործում է առանց միջնորդավճարի, և այս սկզբունքը միշտ պահպանվելու է, իսկ տաքսի ծառայության համար սեպտեմբերի 1-ից կգանձվի 100 դրամ միջնորդավճար յուրաքանչյուր պատվերից: Տաքսիի դեպքում համակարգը վերահսկում է վարորդի դիրքը, ճշգրիտ հաշվում է կիլոմետրերը և պատվերի վերջում դրանք բազմապատկելով 100 դրամով՝ նշում է ուղևորության գինը:
Մոտ ապագայում կգործի «տաքսի շեյրինգ» (taxi sharing) ծառայությունը, որը, ի տարբերություն քարփուլի, հնարավորություն կտա վարորդին ոչ թե նախապես, այլ ցանկացած պահի «կիսվել» իր մեքենայով: «Մենք շեշտը դնում ենք ճանապարհածախսը կիսելու վրա՝ դա կլինի քարփուլով, թե տաքսիով: Տաքսի շեյրինգը դեռ չի գործում, քանի որ ի տարբերություն քարփուլի, որի երթուղին նշանակվում է նախապես, գոնե մեկ օր առաջ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան միանալու, տաքսիի համար կարևոր է արագությունը, իսկ արագության համար պետք են օգտատերեր: Մենք պետք է ունենանք բավականաչափ օգտատերեր, ինչը թույլ կտա 5-10 րոպեի ընթացքում կազմակերպել տաքսի շեյրինգ ծառայությունը»,-նշում է Հայկազ Բագրատյանը:
«Գուգաս» հավելվածը ակտիվանում է՝ «Ֆեյսբուք»-ի հետ կապ հաստատելով, ինչն, ըստ Կարլեն Մանասերյանի, նաև գովազդի լայն հնարավորություններ կտա ապագայում:
«Գուգաս»-ը հանդես է գալիս ուղևորների համար նոր առաջարկով: Քարփուլի և տաքսիի ծառայություններից օգտվելու համար կարելի է ընդամենը նամակ գրել «Գուգաս»-ի ֆեյսբուքյան էջին: Ծառայությունը կոչվում է Messenger bot: ««Մեսինջեր»-ով գրում եք «Հեյ» բառը, «Ֆեյսբուք»-ը հաղորդագրությունն ուղարկում է սերվերին, և այն պատասխանում է ձեզ»,-մանրամասնում է Հայկազ Բագրատյանը: Messenger bot-ը առայժմ գործում է միայն հայերեն և անգլերեն, բայց շուտով հասանելի կլինի նաև ռուսերեն և պարսկերեն: «Գուգաս»-ի հավելվածները կարելի է գտնել IOS և Android օպերացիոն համակարգերում: