ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Երիցուկ

 

Երիցուկները բարդածաղկավորների ընտանիքին (Asteraceae) պատկանող միամյա, բազմամյա խոտաբույսեր են՝ փետրաձև տերևներով:  Եզրային ծաղիկները իգական են, սպիտակ, մեջտեղինը՝ երկսեռ, խողովակաձև, դեղին: Պտուղը սերմնապտուղ է: Հայաստանում առավել տարածված տեսակներից է երիցուկ դեղորայքայինը (M.chamomilla), որն ուժեղ ճյուղավորված, միամյա բույս է: Հանդիպում է ամենուր: Բերքահավաքի լավագույն ժամկետը ծաղկման փուլն է: Երիցուկի  բուժիչ հատկությունները հայտնի էին դեռ հին ժամանակներից, ինչպես Հայաստանում, այնպես էլ, շատ այլ երկրներում: Բժշկության մեջ օգտագործվում է որպես լեղամուղ, քրտնաբեր, ախորժաբեր, հականեխիչ, հակաջղաձիգ միջոց: Թուրմն օգտագործվում է հոգնաների, ողողումների, ինչպես նաև մազերը գունաթափելու համար: Երիցուկ դալմաթինյան և կովկասյան տեսակները պարունակում են պիրեթրին նյութը, որը որպես միջատասպան օգտագործվում է գյուղատնտեսական բույսերի վնասատուների, մարդու և կենդանիների մակաբույծ միջատների (փայտոջիլ, ոջիլ, ճանճ ևն) դեմ պայքարելիս, ինչպես նաև քոսի բուժման ժամանակ: