ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Հրաշալիք բույս` մասրենի

 

Հայկական տարածքի կանաչ դեղատան բույսերից է մասրենին: Այն պատկանում է վարդազգիների ընտանիքին, բազմացվում է սերմերով, արմատածիլերով, թփերի բաժանումով: Տարածված է ամենուր մարգագետիններում ու արոտներում, ձորակներում ու գետեզերքներին, սարալանջերին ու քարուտներում: Խիստ բազմաճյուղ է, ճյուղավորվում է արմատից, հենց հողի մակերեսից: Մեզ մոտ աճում են մի քանի տասնյակ տեսակներ: Բարձրանում է 2 և ավելի մետր, տերևները էլիպսաձև են, փայլուն, մուգ կանաչ գույնի, եզրերը` արմատավոր: Ծաղիկները սպիտակ և  վարդագույն են, ծաղկում է մայիս-հունիս, իսկ բարձրադիր վայրերում` հուլիս-օգոստոս ամիսներին: Պտուղը վառ կարմիր է, հյութալի, լինում են իլիկաձև, գնդաձև, տանձաձև և ձվաձև: Հանդիպում են նաև առանց սերմերի, խոշոր և հյութալի, դեղնավուն պտուղներով մասրենու բույլեր: Պտուղները, որպես դեղամիջոց, հավաքում են ուշ աշնանը և չորացնում ստվերում: Մասուրն օգտգործում են հետևյալ կերպ. պտուղների վրա լցնում են եռացրած ջուր և թողնում 12 ժամ: Ստացված թուրմն օգտագործում են մարսողության կարգավորման, մրսածության, ջերմի իջեցման համար: Որպես դեղամիջոց օգտակար են մասրենու արմատներն ու տերևները, պտուղներն ու սերմերը, ծաղիկներն ու նրա նեկտարից ստացված մեղրը: Գիտնականներն ու բժիշկները պարզել են, որ մասրենու ծաղկափոշին ունի ախորժաբեր, աշխատունակությունը բարձրացնող, եռանդ հաղորդող հատկություն: Ծաղկափոշին պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, ֆերմենտներ, վիտամիններ, որոնք օգնում են աղիների, սրտի, ուղեղի, աչքերի հիվանդությունների բուժման ժամանակ:
Գիտնականները պարզել են նաև, որ մասուրն իր մեջ պարունակում է տանին, շաքար, պեկտին, կիտրոնաթթու, վանիլին, եթերայուղ, ֆլավոն, կարոտին, ռուտին, բազմաթիվ վիտամիններ: Մասրենու արմատներից ստացվում է շագանակագույն ներկ, որով ներկում են կտորները: