ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Ալոճենի

 

Վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Ալոճենու (լատիներեն անվանումը՝  Crataegus L.) տերևները պարզ են։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով։ Ցեղի անունը ծագել է հունարեն «Կռատաիոս» բառից, որ նշանակում է ուժեղ։

Բույսի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու,  ֆլավոնոիդներ, ճարպային յուղեր, կարոտին, C վիտամին, երկաթ դաբաղանյութեր և այլն։

Ծաղիկները՝ ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները՝ աշնանը, այսինքն՝ լրիվ հասունանալուց հետո։ Ալոճենու բուժական հատկությունների մասին հայտնի էր դեռևս մեր թվարկության առաջին դարում, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները՝  թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնության ժամանակ և այլն։

Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները։ Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։