ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Վարունգ

 

Շատերը կարծում են, որ վարունգը «ջուր է», և նրա մեջ ջրից բացի այլ բան չկա: Սակայն, այդ կարծիքը սխալ է: Վարունգի 95%-ն իրոք ջուր է, բայց մնացած 5%-ը հարուստ է մի շարք վիտամիններով (C, B1, B2, PP), ածխաջրերով և օգտակար հանքանյութերով (կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում և այլն):

Վարունգի հյութը մաքրում է օրգանիզմը` հեռացնելով նրանից թունավոր նյութերը և խարամը: Կալիումը, որով վարունգը հարուստ է, օգնում է հեռացնելու օրգանիզմից կերակրի աղի և ջրի ավելցուկները: Այն նաև երիկամներից հեռացնում է ավազը և դրական ազդեցություն ունի լյարդի աշխատանքի վրա: Վարունգը նաև դրական ազդեցություն ունի սիրտանոթային համակարգի վրա: Վարունգում առկա աղերը մեծ մասամբ  հիմնային են, ուստի ցածրացնում են ստամոքսահյութի թթվայնությունը: Վարունգում առկա միկրոտարրերը նպաստում են լավ մարսողությանը և լավացնում աղիների աշխատանքը: Վարունգի  կանոնավոր օգտագործումը հեշտացնում է սպիտակուցների յուրացումը օրգանիզմի կողմից և դանդաղեցում է ճարպերի առաջացման ընթացքը:  Շաքարախտով հիվանդներին նույնպես խորհուրդ է տրվում հաճախ վարունգ ուտել, քանի որ այն լավացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը: Վարունգը նաև բնական դեղամիջոց է գլխացավի դեմ: Ուժեղ գլխացավի ժամանակ վարունգով կարելի է տրորել ճակատը, վարունգից կարելի է ուղղակի հոտ քաշել կամ ուտել: Վարունգը օգտակար է մրսածության և գրիպի ժամանակ: Բարձր ջերմության  դեպքում խորհուրդ է տրվում վարունգի հյութ խմել:

Վարունգը լավ է նաև մաշկի, մազերի, ատամների և լնդերի համար: Առանձին ուշադրության է արժանի վարունգի ազդեցությունը մաշկի վրա. վարունգով կամ վարունգի  կեղևով կարելի է մաքրել երեսը և մասնագետները նաև պնդում են, որ թարմ վարունգի հաճախակի օգտագործումը նպաստում է մազերի արագ աճին:

 

Լոլիկ

 

Լոլիկը, ինչպես և վարունգը, նույնպես հարուստ է մի շարք օգտակար նյութերով: Լոլիկի հաճախակի օգտագործումը ուժեղացնում է իմունային համակարգը և կարող է կանխել նորագոյացությունների առաջացումը (մանավանդ ստամոքսի, ուղիղ աղիքի, շագանակագեղձի, արգանդի վզիկի, կրծքագեղձերի և բերանի խոռոչի), ինչպես նաև չթողնել, որ խոցային բջիջները բազմանան, և ԴՆԹ-ն մուտացիաների ենթարկվի:

Լոլիկը և լոլիկի հյութը (առանց աղի, բնականաբար) դրական ազդեցություն ունեն սիրտանոթային համակարգի վրա: Դրանց հաճախակի օգտագործումը ցածրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ճնշումը, լավացնում է արյան շրջանառությունը և նվազեցնում է սիրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը: Լոլիկը լավ է նաև թոքերի աշխատանքի համար: Լոլիկը մաքրում է արյունը, լավացնում մազերի որակը և տեսողությունը:

Լոլիկը հարուստ է խնձորի և կիտրոնի թթուներով, որոնք անհրաժեշտ են մարսողության համար, լավացնում են ենթաստամոքսային գեղձի և ստամոքսի գործունեությունը և օգնում են ազատվելու ավելորդ ճարպերից: Լոլիկը նաև լավացնում է աղիների միկրոֆլորան:

Եվս մի  ուշագրավ փաստ լոլիկի մասին: Ջերմամշակման ժամանակ լոլիկի օգտակար հատկությունները ոչ միայն չեն կորչում, այլև ուժեղանում են:  Հետևաբար, հաճախ կերեք լոլիկի սոուսներ, կետչուպներ և պարզապես եփած լոլիկներ: Բացի այդ, վերջերս հայտնաբերվել է, որ ձեթը ուժեղացնում է թարմ լոլիկի դրական հատկությունները, այդ իսկ պատճառով, թարմ լոլիկի աղցանը ցանկալի է պատրաստել բուսական յուղով: