ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Գազար

Հովանոցավորների ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույս: Գազարի արմատը հաստ է, մսալի, կոնուսաձև կամ գլանաձև: Գազարը լինում է դեղին, կարմիր կամ սև գույնի: Ցողունը բարձրանում է մինչև 60 սմ, ճյուղավորված է: Տերևները բազմափետրավոր են: Ծաղիկները մանր են, հավաքված բարդ հովանոցում, առանց ծաղկաբաժակի: Պսակը փոքր է, կազմված հինգ մանր պսակաթերթերից: Առէջները հինգն են: Գազարը ծաղկում է ամռան սկզբին:

Գազարը պարունակում է կարոտիններ, վիտամիններ, եթերայուղ: Գազարի ծաղիկներից անջատվում են անտիոցիանային միացություններ և ֆլավնոիդներ (կվերցիտին և կեպֆերոլ): Արմատասաղմը պարունակում է կարոտին, ֆետոեն, ֆիտոֆլուեն, լիկոպին, վիտամիններ, պանտոնենաթթու, ինչպես նաև ֆլավնոիդներ, անտոցիանիդներ, Ճարպայուղ, եթերայուղ:

Բժշկության մեջ օգտագործել են գազարի սերմերը, արմատը և տերևները:

Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործել են ստամոքսի, լյարդի, փայծաղի բորբոքային հիվանդությունների, սեռական թուլության, ջրգողության, գոտկային ցավերի, արգանդի բորբոքումների, աղեփքանքի, մարսողության խանգարման, ականջացավի, թոքաբորբերի, սննդախանգար խոցերի, աչքի սպիտակափառության, դաշտանի խանգարման, երիկամի բորբոքումների, ջղացավության և ձվաբջջի թերզարգացման բուժման համար: