ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Չիչխան

 

Պատկանում է փշատազգիների ընտանիքին:  Տերևաթափ փոքր ծառ է՝ 6-10 մ բարձրությամբ, փշով ավարտվող ընձյուղներով, որոնք սկզբում արծաթավուն են լինում, այնուհետև՝ դեղնագորշավուն: Փշերը շատ ամուր են, 2-7 սմ երկարությամբ: Ծաղիկները մանր են, աննկատ: Կորիզապտուղները հյութալի են, գնդաձև, դեղնա-նարնջագույն, բուրումնավետ: Արմատային համակարգը մակերեսային է և լավ տարածված: Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են օգոստոս-հոկտեմբերին և ծառի վրա պահպանվում են  մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը: Պտղակալում է չիչխանը տնկելուց 3-4 տարի հետո: Մեկ ծառը միջինը տալիս է 10-12 կգ պտուղ:

Լուսասեր է և ցրտադիմացկուն: Տանում է մինչև -45օ և ավել ցուրտը: Տարածված է Կովկասում, Միջերկրական ծովի շրջաններում, Իրանում, Հնդկաստանում, Չինաստանում և այլն: Հայաստանում աճում է հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավային շրջաններում, Սևանի ավազանում: Բույսի արժեքավոր հատկությունների համար այն շատ երկրներում  աճեցվում է հատուկ պայմաններում և օգտագործվում սննդարդյունաբերության ու դեղագործության մեջ:

Պտուղները պարունակում են А, C, E, P, K, B1, B2, B3, B6 վիտամիններ, մի շարք օրգանական թթուներ, շաքարներ, մոտ (9 % պտղամսում, 12 % կորիզներում) չափազանց արժեքավոր յուղ, որն օգտագործվում է գիտական և ժողովրդական բժշկության և սննդարդյունաբերության մեջ: Տերևները պարունակում են մինչև 10 տեսակի դաբաղանյութեր: