ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Նեխուր (քարավուզ)

 

Հին հույները նեխուրը (քարավուզ) անվանում էին «լուսնային բույս», տոների ժամանակ դրանով զարդարում էին տները: Միջերկրական ծովափի երկրներից եկած այս բույսը հնում միստիկական հատկություններով օժտված են համարել, որը երիտասարդություն և կիրք է պարգևում: Հին Հռոմում նեխուրը նաեւ դեկորատիվ բույս էր համարվում:


Գոյություն ունի նեխուրի (քարավուզի) մի քանի տեսակ: Տերևավոր նեխուրը` Apium Graveolens secalinum-ն ունի խոշոր, սուր հոտով տերևներ: Այն վիտամինների իսկական շտեմարան է: Արմատավոր նեխուրը` Apium Graveolens rapaceum, ունի խոշոր, մսոտ արմատ, որն ուտում են պանիրով` որպես աղցան, ավելացնում են տարբեր ապուրների մեջ: Վայրի նեխուրը հանդիպում է Միջերկրական ծովափի երկրներում` գետերի, լճերի ափին:


Նեխուրը պարունակում է բազմաթիվ վիտամիններ` A, B1, B2, B3, B5, B6, C, PP, U, E, K, բջջանյութ, եթերայուղ, կալիումի միկրոէլեմենտներ, կալցիում, ցինկ, երկաթ, ֆոսֆոր, բոր, քլոր, մագնեզիում, ծծումբ ևն: Նեխուրը հատկապես հարուստ է մագնեզիումով: Մագնեզիումի պակասը հանգեցնում է անհանգստության ու վախի զգացումին, մարդը դառնում է դյուրագրգիռ, շուտ է հոգնում, գերզգայուն է դառնում եղանակի փոփոխությունների հանդեպ: Նեխուրի մեջ պարունակվող նատրիումը կանխարգելում է օրգանիզմում աղերի կուտակումները:

Ժողովրդական բժշկությունը նեխուրի եփուկը խորհուրդ է տալիս փորկապության, միգրենի, միզաքարային հիվանդությունների, ռեւմատիզմի, հոդատապի, երիկամների հիվանդության, նյարդային խանգարումների ժամանակ: Նեխուրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, այն նպաստավոր է ֆիզիկական և մտավոր աշխատանքով զբաղվողների համար: