ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Հալվե (ալեո)

 

Թաղաղուազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, թփերի, հազվադեպ` ծառերի ու լիանների ցեղ: Տերևները մսալի են, մոմաշերտով պատած, եզրերը` փշոտ: Ծաղիկները հիմնականում խողովակավոր կամ նեղ զանգակաձև են՝ կարմիր, նարնջագույն, դեղին: Բազմանում է սերմերով ու վեգետատիվ ճանապարհով: Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվե, որն արժեքավոր դեղաբույս է: Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ:

Բոլորին հայտնի այս բույսը դարեր շարունակ օգտագործվում է որպես տնային բժիշկ: Այն ուժեղացնում է մարսողական գեղձերի սեկրեցիան, լավացնում ախորժակը, կանոնավորում մարսողությունը, բարձրացնում օրգանիզմի պաշտպանական գործառույթները և իմունառեակտիվ հնարավորությունները, ուժեղացնում վերականգնողական գործընթացները վնասված հյուսվածքներում:
Հալվեն նշանակում են անեմիայի, ճառագայթային վնասվածքների, արագ զարգացող կարճատեսության, կոպերի բորբոքման, ստամոքսի խոցի, բրոնխիալ ասթմայի, քրոնիկ փորկապությամբ ուղեկցվող գաստրիտների, ֆարինգիտների, լարինգիտների դեպքում, դեզինտերիայից հետո, ինչպես նաև` որպես ընդհանուր ամրապնդող և իմունիտետի բարձրացման միջոց:

Հալվեն աճեցվում է ՀՀ ԳԱԱ Երևանի բուսաբանական այգում և Արմավիրի մարզի որոշ տնտեսություններում: