ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Թզենի

 

Թզենին հին աշխարհում հայտնի մշակովի ծառատեսակներից երևի թե առաջինն է։  Հնագույն ժամանակներից թուզը հայտնի է եղել Հնդկաստանում: Ըստ հնագույն մի զրույցի` թզի սերմի մեջ է թաքնված «կյանքի սկզբի գաղտնիքը»։ Արաբական թերակղզում թուզը փոխարենել է շաքարին:  Պտղի մեջ բարձր է խաղողաշաքարի և մրգաշաքարի պարունակությունը։ Քաղցր տեսակներում այն կարող է հասնել 20-30 տոկոսի, չրի մեջ` 70։ Թարմ թզի կալորիականությունը` 100 կկալ (100 գրամ հումքի մեջ), սպիտակուցի պարունակությունը` մոտ 1,3 տոկոս, չրինը` 210 կկալ եւ մոտ 5 տոկոս։

Թուզը հարուստ է կալիումով` 270 մգ, պարունակում է 18 մգ նատրիում, 20 մգ մագնիում, մոտ 32-ական մգ կալցիում և ֆոսֆոր։ Թզի պտուղը պարունակում է նաև ենթավիտամին A, ասկորբինաթթու, B1, B2, D վիտամիններ, ֆլավոններ, ճարպ, մոտ 1% օրգանական թթուներ: Հայաստանում թուզը դեռեւս հնագույն ժամանակներից օգտագործվել է բուժական նպատակներով: Թուզը խորհուրդ է տրվում ընդգրկել անեմիայով հիվանդների սննդակարգի մեջ, այն պարունակում է ավելի շատ երկաթ, քան խնձորը, օգնում է նոր մայրացած կանանց վերականգնել ուժերը, օգտակար է նաեւ հղիության շրջանում։ Թզից պատրաստված օշարակը լավացնում է ախորժակը և մարսողությունը, խորհուրդ է տրվում հատկապես երեխաներին։

Թզենու պտուղը, կալիումի զգալի պարունակության շնորհիվ, իջեցնում է արյունատար անոթների լարվածությունը, լայնացնում և թուլացնում դրանք։ Թուզը օգտակար է հիպերտոնիայի և վարիկոզի դեպքում։ Պտղամսում պարունակվող ֆերմենտը  իջեցնում է արյան մակարդելիությունը և նպաստում թրոմբների ներծծմանը։ Թուզն օգնում է տախիկարդիայի դեպքում, ունի արյունաստեղծ հատկություն, օգտակար է լյարդի և փայծաղի հիվանդությունների դեպքում։ Թուզը հակացուցված է շաքարախտի և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրացման շրջանում։