ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Դդում

 

Դդում (լատ.՝ Cucurbita), դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է: Հայտնի է 13, ՀՀ-ում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային: Արմատային համակարգն առանցքային է: Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող: Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ: Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական: Ծաղկում է մինչև ուշ աշուն: Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների: Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց:

Դդումը միզամուղ հատկություն ունեցող բույս է: Այն կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K է պարունակում, ինչպես նաեւ` կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ, և այլն: Դդումի կորիզը հակաճիճվային հատկություն ունի, իսկ դդումն օգտակար է սրտի, երիկամների, հիպերտոնիայի, խցանումների, խոլեցիստիտի, ճարպակալման դեպքում:

Թարմ բուսահյութը շատ օգտակար է քրոնիկ փորկապության, միզամուղ համակարգի բորբոքումների, երիկամային անբավարարության, հեմորոյի և նյարդային խանգարումների դեպքում: Այն օրգանիզմը մաքրում է աղերից և ջրից` չվնասելով երիկամային թաղանթը: Հազվագյուտ վիտամին T-ի քանակությունը նպաստում է ծանր սննդի մարսողականությանը, արագացնում է փոխանակության պրոցեսները և պայքարում ճարպակալման, ավելորդ քաշի դեմ: Նպաստում է արյան մակարդելիությանը: Կարոտինի քանակությունը դդումի մեջ 5 անգամ ավելի բարձր է, քան գազարի մեջ, և 3 անգամ ավելի շատ, քան տավարի լյարդի մեջ: Այդ պատճառով դդումի պտուղը և բուսահյութը խորհուրդ է տրվում նաեւ տեսողական խնդիրների դեպքում:

Դդումը երկաթի մեծ քանակությամբ բոլոր բույսերին հաղթում է. ասում են, որ դդումի սիրահարներին կարելի է տարբերել դեմքի մաշկի գույնով և փայլով, լավ տրամադրությամբ: Դդումը խորհուրդ է տրվում հատկապես անեմիայով` սակավարյունությամբ տառապողներին: Դդումով շիլան նիհարեցնող միջոց է, մաքրում է օրգանիզմը շլակներից: Դդումի բջջանյութը իջեցնում է տաքությունը, օգնում է բարձր թթվայնությամբ աղեստամոքսային տրակտի խանգարումների դեպքում: Շատ օգտակար է նաև դդումի կորիզների բուսայուղը, որն օգտագործվում է սալաթների մեջ: