ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Մասրենի

 

Մասրենին վարդազգիների ընտանիքի վայրի բույսերի, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության, թուփ է։ Լատիներեն անվանումն է. Rosa L.։ Ծաղիկները` մեկական կամ հավաքված հովանոցավոր ծաղկաբույլում, երկսեռ են, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Պտուղը ընկույզիկ է, բազմասերմ, պտղաբույլը` մսալի, ոչ հյութալի։

Մասուրի բազմաթիվ տեսակները հնագույն ժամանակներից աճել են պատմական Հայաստանում  և Անդրկովկասում:

Մասուրի ծաղկաթերթերը և պտուղներն օգտագործվում են թեյի մեջ։ Պտուղներից պատրաստում են հյութեր, լիմոնադ, մածուկ, դոնդող, մուրաբա և այլն։ Ծաղիկների մզվածքը բժշկության մեջ օգտագործվում է որպես հականեխիչ միջոց։ Մասուրը համարվում է վիտամինային անբավարարության դեպքում ամենաօգտակարը, ինչպես  չիչխանը և սև հաղարջենին։ Բացի վիտամիններից, բույսը պարունակում է այլ կարևոր նյութեր։ Չոր պտուղներում C վիտամինի պարունակությունը կազմում է մեկ տոկոս, այսինքն` 1000 մգ` 100 գրամ հումքի մեջ, ավելի փոքր քանակություններով` կարոտին, ռուտին, որը ուժեղացնում է վիտամին C-ի ազդեցությունը, նաև B1, B2, B5, K եւ E վիտամիններ, շաքար, պեկտինային նյութեր, օրգանական թթուներ, ֆոսֆորի, կալիումի, մագնիումի, կալցիումի աղեր։ Մասուրը պոլիվիտամինային կոմպլեքս է: Մասուրի հատիկները պարունակում են շաքար, պեկտինային նյութեր, կիտրոնային, խնձորային և այլ օրգանական թթուներ, վիտամին C, K, PP, P, E, կարոտին և B խմբի վիտամիններ, գլյուկոզոիդ, երկաթի աղեր, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրը օժտված է արտահայտված լեղամուղ հատկությամբ, իսկ դրա կորիզներն ունեն միզամուղ հատկություն: Օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնելու և ամրապնդելու համար շատ օգտակար են մասուրի արմատները: Օգտագործում են նաև լյարդի հիվանդությունների, մալարիայի, միզաքարային և աղեստամոքսային հիվանդությունների, ինչպես նաև սովորական մրսածության ժամանակ:

Տիբեթյան բժշկության մեջ մասուրը օգտագործում են նույնիսկ թոքերի տուբերկուլյոզի,  նորագոյացությունների ժամանակ: Մասուրը լայն կիրառություն է ստացել ցինգայի, ավիտամինոզների, որոշ արյունահոսությունների, ինֆեկցիոն հիվանդությունների, թոքաբորբի, աթերոսկլերոզի, անեմիաների, դիստրոֆիաների, ոսկրերի կոտրվածքների, դժվար լավացող վերքերի և այլ հիվանդությունների բուժման ու կանխարգելման ոլորտում: Մասուրի յուղը օգտագործում են այրվածքների, մաշկաբորբերի և նաև ռենտգենով ճառագայթահարման դեպքում: Մասուրն օգտագործում են ցանկացած ձևով` թեյի, եփուկի, թուրմի, օշարակի, հյութի և այլն: Մասուրի թեյը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Մասուրի օգտագործումը հակացուցված է այն մարդկանց համար, ովքեր տառապում են թրոմբոզներով, տրոմբոֆլեբիտներով, էնդոկարդիտներով և արյան շրջանառության անբավարարությամբ: