ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Ձմերուկ

 

Ձմերուկը դդմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա բույս է: Հայտնի են 1 վայրի՝ տարածված Աֆրիկայի, Իրանի, Միջին Ասիայի, Աֆղանստանի և Ավստրալիայի անապատներում, և 2 մշակովի (սեղանի ու կերային) տեսակներ: Ջերմասեր է, լավ աճում է խամ ու խոպան, ավազախառը հողերում: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: ՀՀ-ում (հիմնականում՝ Արարատյան դաշտում) մշակվում է 1 տեսակ՝ սեղանի ձմերուկը: Միամյա է: Արմատը լավ ճյուղավորված, ցողունը` մագլցող, երկարությունը՝ 3–4,5 (և ավելի) մ: Տերևները հերթադիր են, բլթակավոր, խորը կտրտված: Ծաղիկները մեկական են, հազվադեպ՝ փնջերով, բաժանասեռ, դեղնավուն: Պտուղը բազմասերմ, հյութալի կեղծ հատապտուղ է՝ հարթ մակերեսով, կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև և այլն: Կեղևը սպիտակից մինչև մուգ կանաչ է՝ խայտաբղետ պատկերներով ու տարբեր լայնության զոլերով: Պտղամիսը կարմիր է, վարդագույն կամ դեղին: Սերմերը տարբեր մեծության են, սպիտակ, կարմիր, սև, մոխրագույն և այլն: Հասուն պտուղը պարունակում է շաքարներ, վիտամիններ և այլ նյութեր: Դյուրամարս է. օգտագործվում է թարմ, թթու դրած (մանրերը), արհեստական մեղր` նարդեկ, եփելու համար: Պատրաստում են նաև մուրաբա, շաքարաչիր:  Ձմերուկով դիետայի շնորհիվ ոչ միայն կարող եք քաշ գցել, այլև կկարգավորեք ձեր օրգանիզմի գործունեությունը:
Ձմերուկը հրաշալի միջոց է երիկամների, լեղապարկի համար (հատկապես քարերի դեպքում կանխարգելիչ միջոց է): Այս միրգը խորհուրդ է տրվում նաև ցիռոզի, արթրիտի, նեֆրիտի, աթերոսկլերոզի, փորկապության դեպքում: Ձմերուկը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, որի շնորհիվ այն պարզապես անհրաժեշտություն է անեմիայով տառապողների համար: Շատ օգտակար է շաքարախտով հիվանդների համար: Չմերուկը օրգանիզմից հեռացնում է խոլեստերինը: «Ձմերուկով թերապիա» արտահայտությունը հայտնի է նաեւ կոսմետոլոգիայում: Ձմերուկն օգտագործվում է որպես դեմքի դիմակ, որը սնուցում է մաշկը և փայլ հաղորդում դեմքին:

 Վայրի ձմերուկը ՀՀ-ում հանդիպում է միայն Սյունիքի մարզում՝ Մեղրիի մոտակայքում, աճում է ժամանակավորապես խոնավացած ավազաճլաքարոտ հողերում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Ձմերուկ մշակում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Իրանում, Հնդկաստանում, Հարավարևելյան Եվրոպայի երկրներում, Ռուսաստանում, Կուբայում  և այլուր: