ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Սերկևիլ

 

Սերկևիլի հայրենիքը Միջին Ասիան է: Սերկևիլ սովորականը վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքին պատկանող ծառ է, մինչև 8 մ բարձրությամբ, երբեմն աճում է որպես թուփ։ Ծաղիկները միայնակ են, խոշոր` 4-5 սմ տրամագծով, սպիտակ կամ վարդագույն։ Սերկևիլը մեղրատու բույս է, եթե մոտակայքում կա մեղվափեթակ, ապա բերքն առատ է լինում։

Հին հույները պատկերել են Հերա աստվածուհուն սերկևիլենու տերևներից պատրաստված պսակով։ Միջերկրածովյան ավազանի ժողովուրդները համարել են, որ սերկևիլը Վեներա աստվածուհուն նվիրված բույս է և խորհրդանշում է սեր և պտղաբերություն։ Սերկևիլը հնագույն ժամանակներից մշակվել է Պորտուգալիայում` հայտնի է պորտուգալական տեսակը, որը կոչվում է «մարմելո»։ Հետաքրքիր է նկատել, որ սերկևիլը մշակվում է կելտական Շոտլանդիայում և նույնիսկ Նորվեգիայում,Կենտրոնական Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Աֆրիկայի հյուսիսում և հարավում։ Սերկևիլենին հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ` բուժիչ հատկություններ ունեն տերևը, պտուղը, պտղահյութը, սերմը։

Սերկևիլը ամենառողջարար մրգերից է։ Դրա պտուղները միզամուղ, արյունամակարդ ու մանրէազերծող հատկություն ունեն, իսկ սերմերը` փափկեցնող, պաշտպանիչ, հակաբորբոքային հատկություն։ Սերկևիլի պտղի եփուկը կիրառվում է ստամոքսաղիքային տրակտի, երիկամների հիվանդությունների բուժման համար։ Այն առաջացնում է սրտխառնոց և կիրառվում է ստամոքսի լվացման ժամամակ։

Սերմերից պատրաստված եփուկը կանխում է փորլուծությունը, արգանդային արնահոսությունը։ Այս եփուկով ողողումները օգտակար են նշիկների բորբոքման ժամանակ։ Օգտակար է նաև սերկևիլի օշարակը։ Օգտակար է ծանր հիվանդություններից առաջացած սակավարյունության, բարձր ջերմության դեպքում։