ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Սխտոր

 

Սխտոր (Allium sativum), միամյա, վեգետատիվ ճանապարհով բազմացող բանջարային մշակաբույս Է ։ Հայրենիքը Միջին Ասիայի տափաստաններն են, որտեղից, դեռևս հին ժամանակներում, տարածում է գտել Միջին և Առաջավոր Ասիայում ու Եգիպտոսում։ Եվրոպայում այն հայտնվել է ավելի քան 5000 տարի առաջ։ Պյութագորասը սխտորն անվանել է համեմունքների արքա։

 Օգտագործվում է թարմ վիճակում ծանրամարս կերակուրների հետ որպես համեմունք, թթուների ու պահածոների մեջ` որպես յուրահատուկ համ ու բույր տվող համեմունք, և երշիկի արդյունաբերության մեջ` որպես հականեխիչ ազդեցություն ունեցող նյութ։

Սխտորի հյութի ֆիտոցիդներն ունեն առավել ուժեղ բակտերիասպան հատկություն, քան սոխինը։ Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է եղել որպես տարափոխիկ հիվանդությունների հարուցիչների ոչնչացնող և համաճարակային հիվանդություններից պաշտպանվելու միջոց։

Սխտորի քիմիական կազմը կախված է դրա տեսակից, մշակման վայրից ու ագրոտեխնիկայից։ Սխտորի քիմիական կազմի մեջ մընում են 64,66% ջուր, 35,34% չոր նյութ (ընդ որւոմ` ածխաջրեր-26,31%, սպիտակուցներ-6,67%, ճարպ-0,06%, թաղանթանյութ-0,77%) և 1,44% մոխիր: Սխտորն հարուստ է նաև C վիտամինով: Հանքային տարրերից սխտորը պարունակում է կալցիում, մագնեզիում, մոլիբդեն, պղինձ, կոբալտ, վանադիում, ֆոսֆոր, ծծումբ, քլոր և անագ։

Ժողովրդական հավատալիքներում սխտորը բավականին շատ է ներկայացված, երբեմն նրան վերագրվում են գերբնական հատկություններ, երբեմն կապում են չար ուժերի հետ։ Կենտրոնական Եվրոպայի ժողովուրդները հավատում են, որ սխտորն ունի վամպիրներին ու չարքերին վանելու հատկություն եւ այդ նպատակով պատուհաններից կախում են սխտոր։ Չեխերի մոտ ընդունված կարծիք կա, որ տանիքին դրված սխտորը տունը պաշտպանում է կայծակից։

Հայերի մեջ կան հավատացողներ, որ սխտորը չի կարելի փոխանցել ձեռքից-ձեռք։

Հնագույն ժամանակներից սխտորը համարվում է կերակրի անբաժան մասը։ Հրեաներն այն համարում են սուրբ ուտելիք։ Ճապոնացիներն ու կորեացիները բարձր ջերմաստիճանում թթու դնելով ստանում են, այսպես կոչված «սեւ սխտոր», որը հիմա լայնորեն տարածված է Արեւմուտքում։ Հայերիս մոտ սխտորն անբաժան մաս է կազմում խաշ ուտելու արարողության ժամանակ։ Թփով տոլմայի հետ մատուցվում է «սխտորամածուն»։ Ճաշի հետ սխտոր օգտագործելուց մի փոքր իջնում է մարդու զարկերակային ճնշումը եւ առաջացնում է քնելու ցանկություն։