Երկրաբանները օվկիանոսում հնագույն կորած մայրցամաք են հայտնաբերել
Ուտրեխտի համալսարանի հոլանդացի հետազոտողները հայտարարել են Արգոլանդի՝ մոտ 5 հազար կիլոմետր լայնությամբ և ավելի քան 155 միլիոն տարվա վաղեմություն ունեցող ցամաքային զանգվածի, հայտնաբերման մասին: Հետազոտությունը հրապարակվել է Gondwana Research (GR) գիտական ամսագրում:
Գիտնականները պարզել են, որ Արգոլանդի մասերը ցրված են Հնդկական օվկիանոսով մեկ, իսկ դրանցից մի քանիսը հայտնվել են Հարավարևելյան Ասիայում:
Ենթադրվում է, որ Արգոլանդը բաժանվել է Ավստրալիայից Յուրայի դարաշրջանի վերջում, երբ Երկրի վրա շրջում էին բրախիոզավրերն ու ստեգոզավրերը։ Հազարավոր տարիների ընթացքում այն աստիճանաբար շեղվել է դեպի Հարավարևելյան Ասիա, նախքան վերջնականապես անհետանալը: Մայրցամաքի գոյության մասին վկայում է նրանից հետո մնացած Արգո հարթավայրը, բայց մինչև վերջերս ոչ ոք չէր կարողացել հայտնաբերել այդ ցամաքային զանգվածը:
«Արգոլանդը գտնելը հեշտ չէր: Մենք յոթ տարի ծախսեցինք այս գլուխկոտրուկը լուծելու համար»,- ասում է հետազոտության հեղինակներից Էլդերտ Ադվոկատը:
Գիտնականները նշում են, որ մայրցամաքի մասերը թաքնված են եղել Ինդոնեզիայի և Մյանմայի լայնատարած կանաչապատ ջունգլիների տակ:
Օգտագործելով մնացորդները՝ երկրաբանները կարողացան մանրամասն կազմել Արգոլանդի դանդաղ քայքայման քարտեզը: Նրանք եզրակացրեցին, որ տրիասյան ժամանակաշրջանի վերջում մայրցամաքը բաժանվել է արշիպելագի, որը հետագայում կլանել է օվկիանոսը։
Նմանատիպ գործընթացներ են տեղի ունեցել այլ կորած մայրցամաքների հետ, այդ թվում Զելանդիան, որը խորտակվել է Ավստրալիայի մոտ, և Մեծ Ադրիա մայրցամաքը, որը ժամանակին գտնվել է Միջերկրական ծովում: