Աշխարհի խոշորագույն լճերում ջրի ծավալը գնալով նվազում է
1990-ականների սկզբից ի վեր աշխարհի հիմնական լճերի և ջրամբարների մեծ մասում ջրի ծավալը նվազել է՝ հիմնականում կլիմայի փոփոխության պատճառով, ինչը մեծացրել է գյուղատնտեսության, հիդրոէներգիայի և մարդկանց սպառման համար ջրի առկայության վերաբերյալ մտահոգությունները: Այս մասին ասվում է գիտնականների միջազգային խմբի կողմից անցկացված նոր հետազոտության մեջ։
Նրանք հանգել են եզրակացությանը, որ աշխարհի կարևորագույն ջրային աղբյուրներից մի քանիսը` Եվրոպայի և Ասիայի միջև գտնվող Կասպից ծովից մինչև Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճը, գրեթե երեսուն տարի շարունակ ջուր են կորցնում՝ տարեկան 22 միլիարդ տոննա ընդհանուր արագությամբ:
Վիրջինիայի համալսարանի մակերևութային ջրերի հիդրոլոգ Ֆանֆան Յաոն, որը ղեկավարել է Science ամսագրում հրապարակված հետազոտությունը, ասում է, որ բնական լճերի 56% անկումը պայմանավորված է կլիմայի տաքացմամբ և մարդկանց կողմից ջրի սպառման ծավալներով:
Հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ մարդու կողմից ջրի անկայուն օգտագործումը, տեղումների մակարդակի փոփոխությունները, ջրի մեջ մասնիկների նստեցումը և ջերմաստիճանի բարձրացումը հանգեցրել են լճի մակարդակի նվազմանը ամբողջ աշխարհում: 1992-2020 թվականներին նման նվազում է հայտնաբերվել լճերի 53%-ում։