ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

 

ԱՅՍ ՔԱՂԱՔՈՒՄ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐ, ԲԱՆՎՈՐՆԵՐ, ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՖԱԲՐԻԿԱՆԵՐ

           

Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման ռազմավարությունը թույլ է տալիս ոչ միայն երկնաքերեր նախագծել ավազի վրա, այլ նաև սկսել էկոլոգիական քաղաքների շինարարություն: Աբու Դաբիից 17 կմ հեռավորության վրա կառուցվում է ներկայիս ամենաամբիցիոզ նախագիծը` Մասդար Սիթին, որն իրականություն է դառնալու մոտ ապագայում: Արդեն հիմա տասնյակ ընկերություններ ձգտում են հիմնավորվել տնտեսական ազատ գոտում և պատրաստ են մասնակցություն ունենալ նախագծում:

Masdar էներգետիկ ընկերությունը ծրագրել է 6 կմ2 տարածության վրա ստեղծել հիասքանչ քաղաք-այգի` անկախ էկո միջավայրով, էներգիայի վերականգնվող աղբյուրներով և ածխածնային գազի արտանետման զրոյական մակարդակով: Քաղաքի բոլոր կառույցները համապատասխանելու են էկոլոգիական հաշվեկշռի բոլոր պայմաններին: Այս քաղաքում չեն լինելու արտադրամասեր, բանվորներ, գործարաններ և ֆաբրիկաներ: Մասդար Սիթին նախատեսված է 40 հազար մարդու համար, ովքեր ներկայացնելու են էլիտար և մտավորական խավը:               

Այստեղ են տեղակայվելու էկո տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների հետազոտական ինստիտուտները, թեստ-լաբորատորիաները ու շրջակա միջավայրի խնդիրներով մտահոգված պետական կազմակերպությունները: Մասդար Սիթիի կառույցների ողջ տարածությունը կլինի ամբողջական. տարածքների ինտերիերները կարծես թե հոսելու են մեկից մյուսը:

Էկոլոգիական քաղաքի գաղափարի իրականացումը վստահված է Նորման Ֆոստերին և նրա Foster + Partners ստուդիային: Բիոլոգիական թափոններն ամբողջովին վերամշակվելու են, արտանետումների քանակը հասցվելու է նվազագույնի, ջրամատակարարումը կատարվելու է չափազանց ռացիոնալ, իսկ որպես էներգիայի հիմնական աղբյուրներ ծառայելու են արևի լույսն ու քամին:

 

Մասդար Սիթիում ավտոմեքենաներ չեն լինելու. քաղաքի փողոցները նախատեսված են հետիոտների և հեծանվորդների համար: Քաղաքում կիրառվելու է տրանսպորտի ռոբոտոտեխնիկական համակարգը: