ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Աշխարհի 5 ամենատարօրինակ ռեստորանները

  

Աշխարհում գոյություն ունեն ռեստորաններ, որոնք ցանկանում են զարմացնել այցելուներին ոչ միայն ուտեստների բազմազանությամբ, այլև մատուցման ամենատարօրինակ ձևերով:

Կատուների սրճարանը.  այստեղ այցելուներին առաջարկում են սնվել կատուների ընկերակցությամբ: Այս մտքի հեղինակները ճապոնացիներն են, որոնք վստահ են, որ կատուների ներկայությունը մարդկանց օգնում է թոթափել լարվածությունը և կարգավորում է քունը: Այնուհետև այս միտքը տարածվել է նաև Եվրոպայում, և վերջերս նմանատիպ սրճարան է բացվել Փարիզի կենտրոնում:

Modern Toilet ռեստորան.  լոգարանում սնվելու միտքը կարող է տարօրինակ թվալ, սակայն Թայվանի Modern Toilet անվանումը կրող հաստատության ինտերիերը լոգասենյակի պարագաներով է կահավորված: Աթոռների փոխարեն տեղադրված են իրական զուգարանակոնքեր, իսկ սեղաններն իրենցից ներկայացնում են լվացարաններ և վաննաներ:

Soldaten Kaffee. Ինդոնեզացի գործարարի մտքով անցել է «ֆաշիստական» ոճով ռեստորան բացել: Այստեղ ամեն ինչ համապատասխանում է տվյալ թեմատիկային. պատերից կախված են բռնակալների լուսանկարները:

Վամպիրյան սրճարան. Տոկիոյում գտնվող «Վամպիրյան ռեստորանում» ստեղծված է վախի ու սարսափի մթնոլորտ: Գոթական ոճով կառուցված ռեստորանը զարդարված է խաչելության տեսարաններով, սարդոստայնով, մոմերով, գանգերով (ոչ իրական): Այստեղ տեղ է գտել նաև կոմս Դրակուլայի դամբարանը:

«Հավերժություն». Այս հաստատությունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ կառուցվել է աշխարհի ամենամեծ «դագաղում»: Մատուցվող ճաշատեսակների անվանումներից են «Իններորդ օրը», «Կհանդիպենք դրախտում»: Ամենուր մոմեր են տեղադրված: Ուկրաինայում գտնվող այս հաստատության սեփականատերը տեղի թաղման բյուրոն է: