ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Ինչո՞ւ էին կոտրում փոքրիկ չինուհիների ոտքի մատները

 

Գեղեցկության ընկալումները տարբեր ժամանակներում ու տարբեր ժողովուրդների մոտ տարբեր են եղել: Հին Չինաստանում 6-7 տարեկան աղջիկների ոտքերի բոլոր մատները, բացի մեծ մատից, ետ էին ծալում ու կապում ոտքի ներբանին: Այնուհետև թանզիֆով շատ ամուր կապում էին, ու ամեն շաբաթ կապերը ավելի ու ավելի ձգում: Սա շարունակվել է այնքան ժամանակ, մինչև դժբախտների ոտքի թաթը ընդունել է աղեղանման ձև: Այս մասին չինական մշակույթը անգամ ասացվածքներ ունի` «Գեղեցկությունը տառապանքներ է պահանջում», «Մի զույգ փաթաթած ոտքերն արժեն մի տաշտ արցունքի»:

Չինացիների այս տարօրինակ սովորույթի մասին բժիշկ Վ. Վ. Կորսակովը իր հուշերում գրել է. «Չինուհու իդեալը այս է` ունենալ այնպիսի փոքրիկ ոտքեր, որ անկարող լինես անգամ ոտքի վրա ամուր կանգնել ու ընկնես ամեն փչող քամուց: Չափազանց տհաճ է տեսնել այս չինուհիներին, որոնք չեն կարողանում անգամ հարևանի տուն հասնել և քայլերը դնում են ոտքերը լայն բացած` կողքի պարզած ձեռքերով հավասարակշռությունը հազիվ պահելով: Նրանց ոտնամանները միշտ ծաղկազարդ են և գրեթե բոլորը` կարմիր գույնի: Չինուհիներն իրենց ոտքերը թանզիֆով փաթաթում են ողջ կյանքի ընթացքում և փաթաթանի վրայից հագնում են հատուկ գուլպաներ: Նրանց ոտնաթաթը ունի 6-8 տարեկան աղջնակների ոտնաթաթի չափը»:

Կարծիք կա, որ այս դաժան ավանդույթը առաջացել է չինական լեգենդից: Թաի լու Հոուչու դինաստիայի կայսրերից մեկը հրամայել է իր հարճերից մեկի` Յաո Նյանի համար պատրաստել 6 ֆուտ բարձրությամբ ջրաշուշանի ոսկյա արձան, իսկ ծաղկի ներսը զարդարել թանկարժեք քարերով: Կայսրը հարճին հրամայել է իր ոտքերը թանզիֆով այնպես ձիգ կապել, որ դրանք նման լինեն լուսնի աղեղի ու այդ տեսքով պարել ծաղկի ներսում: Իբրև թե այդ տեսքով պարող Յաո Նյանը այնքան թեթև ու գեղեցիկ է եղել, որ այդ օրվանից բոլորը ձգտել են նմանակել նրա գեղեցկությունը` ձևախեղելով ոտքերը:

Չինացի տղամարդիկ «ջրաշուշանի ոտքեր» ունեցող կանանց են համարել ամենագեղեցիկը, իսկ սովորական ներբաններ ունեցողներին կնության չեն առել: