ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Գերմանիան Gladius ապագայի զինվորի հանդերձանք է գնում

 

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը Rheinmetall ընկերությունից պատվիրել է Gladius «ապագայի հանդերձանքը» զինծառայողների համար: Ինչպես նշվում է Rheinmetall-ի մամուլի հաղորդագրության մեջ, հանդերձանքի 60 կոմպլեկտը և զենքը երկրի կառավարությանը 84 մլն եվրո կարժենա: Դա կբավարարի 600 զինծառայողի համար:

Այս տարվա ընթացքում ընկերությունն ամբողջությամբ կավարտի պատվերի մատակարարումը: Gladius-ով համալրված բունդեսվերի զինծառայողներին, նախատեսվում է Աֆղանստան ուղարկել:

30 կոմպլեկտ Gladius-ների փորձնական խմբաքանակը` 300 զինծառայողների համար Գերմանիան գնեց 2012թ.: Դրանք արդեն ստացվել են, և այժմ ստորաբաժանումները սովորում են նոր հանդերձանքը կիրառել:

Rheinmetall-ի Gladius «ապագայի հանդերձանքը» ստեղծվել է «ապագայի զինվոր» (Infanterist der Zukunft) փորձնական համալիրի հիման վրա: Gladius-ի մեջ, մասնավորապես, մտնում է համալիր պաշտպանիչ հանդերձանք (սաղավարտ, զրահաբաճկոն, պաշտպանիչ թվային ակնոցներ), դիտման օպտիկա-ինֆրակարմիր միջոցներ, համակարգիչ, ռադիոկայան, տեղորոշման միջոցներ (այդ թվում GPS և կողմնացույց), ինչպես նաև զենք և մարտկոցների համալիր: Բացի այդ, համալիրը նախատեսված է էքստրեմալ եղանակային պայմաններում գործածվելու համար: Այն նաև պաշտպանում է բիոլոգիական և քիմիական զենքից:

Այժմ «ապագայի հանդերձանքի» ստեղծման վրա են աշխատում մետ երկու տասնյակ երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը: