Ավստրալացի գիտնականները մշակել են միտքը կարդացող և այն տեքստի վերածող աշխարհում առաջին արհեստական բանականության ծրագիրը
Ավստրալացի գիտնականները մշակել են աշխարհում առաջին միտքը կարդացող արհեստական բանականության ծրագիրը, որն ուղեղի ալիքները վերածում է ընթեռնելի տեքստի: Այն աշխատում է սենսորով ծածկված սաղավարտի միջոցով, որն ուսումնասիրում է ուղեղի հատուկ էլեկտրական ակտիվությունը մինչ սաղավարտը կրողը մտածում է: Այնուհետև արհեստական բանականությունն այդ մտքերը վերածում է բառերի:
Հեղափոխական տեխնոլոգիան ստեղծվել է Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի թիմի կողմից, որի համոզմամբ՝ տեխնոլոգիան կարող է հեղափոխություն կատարել այն հիվանդների խնամքի հարցում, որոնք խլացել են ինսուլտի կամ կաթվածի պատճառով:
Ուղեղի ազդանշանները բառերի թարգմանելու նախկինում ստեղծված տեխնոլոգիան կա՛մ պահանջում է վիրահատություն՝ ուղեղում էլեկտրոդներ տեղադրելու համար, ինչպես օրինակ՝ Իլոն Մասկի Neuralink-ը, կա՛մ սկանավորում ՄՌՏ սարքով, ինչը բավականին թանկ է և դժվար կիրառելի առօրյա կյանքում:
Մինչդեռ այս նոր տեխնոլոգիան օգտագործում է գլխին հագցվող պարզ սաղավարտ:
Տեխնոլոգիան փորձարկելու համար թիմը փորձեր է կատարել 29 մասնակցի հետ, որոնց էկրանին ցույց են տվել մի նախադասություն կամ արտահայտություն, որի մասին նրանք պետք է մտածեին: Այնուհետև արհեստական բանականության մոդելը ցուցադրել է տեքստը, որը թարգմանել էր ուղեղի ալիքներից:
Օրինակներից մեկում, գրված է եղել.«Բարի կեսօր: Հուսով եմ, որ լավ եք: Ես կսկսեմ կապուչինոյից, խնդրում եմ, լրացուցիչ էսպրեսսոյով»։ Մինչդեռ արհեստական բանականության գրած տեքստն այսպիսին է եղել.«Կեսօր: Լա՞վ ես: Կապուչինո, լրացուցիչ էսպրեսսոյով»