ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

ԳԻՇԱՏԻՉ ԲՈՒՅՍ

 

Կենտրոնական Ֆիլիպինների լեռնային տեղանքում` Վիկտորիա լեռան լանջին, գերմանական և անգլիական արշավախմբի բուսաբանները հայտնաբերել են հսկայական չափսերի հասնող մի զարմանահրաշ բույս, որը սնվում է փոքրիկ կրծողներով, թռչուններով և միջատներով:Ինչպես նշում է անգլիական արշավախմբի ղեկավար Ստյուարտ Մակֆերսոնը, նրանք ծովի մակարդակից մոտ 1600մ բարձրության վրա հայտնաբերել են հսկայական սափոր, ապա` ավելի մեծը... Գիտնականները չեն կասկածում, որ հայտնաբերել են խոշորագույն գիշատիչ բույսի նոր տեսակ:

Հետազոտողները պատմում են, որ բույսի փնտրտուքի ժամանակ նրանց ոգևորել է երկու միսիոներների պատմածը, ովքեր նույնպես 2000թ. զարմացել են այդ «գիշատիչով»: Մինչ այժմ գիտությանը հայտնի են վեց տարբեր տեսակի բույսեր, որոնք սնվում են կենդանի օրգանիզմներով: Կան բույսեր, որոնք պատված են կպչուն լորձով, որի մեջ ընկած մրջյուններն ու բզեզները չեն կարողանում պոկվել, ուրիշներն իրենց վրա նստած միջատների և փոքրիկ կենդանիների վրա թույն են ներարկում, որը որսին կաթվածահար է անում:

Գիտնականները հավաստում են, որ գիշատիչ բույսերն ընդունակ են սնվելու ինչպես ավտոտրոֆ, այնպես էլ հետերոտրոֆ եղանակով: Այդպիսի բույսերը սովորաբար աճում են այնպիսի տեղում, որտեղ ազոտ քիչ կա, իսկ կենդանիներին օգտագործում են որպես ազոտի լրացուցիչ աղբյուր: Բույսը զոհին որսում է` գրավելով իր գույնով, հոտով, քաղցրահամ արտազատուկով, ապա որոշակի ֆերմենտների ազդեցությամբ մարսում, որի արդյունքում առաջացած ամինաթթուները ներծծվում ու յուրացվում են: