ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Հորանջելն օգտակար է

 

Ամերիկացի գիտնականները հավաստում են, որ հորանջելը միայն ձանձրույթի և ալարկոտության ախտանիշ չէ, այլ նաև բարդ գործողություն, որն ուղղված է ուղեղի ջերմության կարգավորմանը: Ըստ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Գելապի` ուղեղը նման է համակարգչի, որը «գերտաքանալուց» կարող է վատ աշխատել և հորանջ առաջացնել, որն էլ  թարմ և սառը օդի ներհոսք է ապահովում արյան համար: Գիտնականը պնդում է, որ հակառակ տարածված կարծիքի, թե հորանջը նպաստում է քնին, իրականում այն օգնում է քունը վանելուն և առույգանալուն: Գիտնականը պատասխանում է նաև մեկ այլ հարցի. ինչու է հորանջելը այդքան «վարակիչ»: Պարզվում է` դրա արմատները թաքնված են նախապատմական անցյալում, երբ մարդիկ ապրում էին համայնքներով և պետք է միշտ զգաստ լինեին: Երբ նրանցից մեկնումեկը հորանջում էր, կորցնում էր զգոնությունը, այնինչ պետք էր կայտառանալ: Այսօր նույնպես, երբ մարդը «վարակվում» է մեկ ուրիշի հորանջով, նա, անկախ իրենից, կրկնում է այդ հնագույն «ծիսակարգը»:

Հետազոտությունների ընթացքում գիտափորձի մասնակիցներին` ուսանողների երկու խմբի,գիտնականները ցուցադրեցին հորանջող մարդկանց  տեսահոլովակ, և մի խմբին առաջարկվեց շնչել քթով, իսկ մյուսին` բերանով: Այնուհետև մի խմբի մասնակիցների ճակատին դրվեցին տաք, իսկ մյուսների ճակատին` սառը թրջոցներ: Երկու դեպքում էլ քթով շնչելը և ճակատի հովացումը նպաստում են  ուղեղի հովացմանը, և տեսականորեն  բացառվում է հորանջելը:

Գիտնականները հերքեցին այն վարկածը, թե հորանջը նվազեցնում է թթվածնի քանակությունը արյան  մեջ, և արհեստականորեն մեծացնելով ու փոքրացնելով  նրա քանակությունր` պարզեցին, որ ակտիվ հորանջ չի առաջանում: