ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Քաղցրահամ ջուր` ծովից

 

ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով` 2025թ. աշխարհում մոտավորապես երեք միլիարդ մարդ քաղցրահամ ջրի պակաս կզգա: Այժմ արդեն խմելու ջրի պակասն զգացվում է Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 29 երկրներում: Ըստ մոտավոր տվյալների` մեկ մարդուն տարեկան անհրաժեշտ է 1000 մ3 ջուր: Սակայն մոլորակի ընդհանուր ջրային պաշարի 97%-ը կազմում է ծովի աղի ջուրը, որում աղի քանակությունը 1 լիտր ջրում կազմում է 35 գրամ, իսկ քաղցրահամ ջրում այն 5 գրամ/լիտր է:
Ներկայումս աշխարհի 120 երկրում գործում է 13 հազար կայան, որոնք ծովի աղի ջուրը վերածում են քաղցրահամ ջրի: Նրանց ընդհանուր հզորությունը հասնում է 55 մլն մ3-ի, որը հագեցնում է աշխարհի բնակչության 1,5%-ի ծարավը: Ծովի աղի ջուրը քաղցրահամ ջրի են վերածում երկու մեթոդով` թորման և ճնշման:
Քաղցրահամ ջրի ամենամեծ գործարանը գտնվում է Իսրայելում: Այն կառուցվել է 2005թ. և օրական արտադրում է 320 հազար մ3 քաղցրահամ ջուր:
2007թ. Ավստրալիայի Պերտե քաղաքում կառուցված գործարանը օրական տալիս է 140 հազար մ3 քաղցրահամ ջուր և բավարարում է քաղաքի բնակչության 17%-ի պահանջարկը: Այն հարավային կիսագնդի ամենամեծ գործարանն է, որն աշխատում է քամու էներգիայի միջոցով: 2009թ. վերջին Բարսելոնում շահագործման կհանձնվի քաղցրահամ ջրի` Եվրոպայում ամենամեծ  գործարանը, որի թողունակությունը օրական 200 հազար մ3 է: 
Նույնիսկ այնպիսի քաղաքում, ինչպիսին Լոնդոնն է, որը կառուցված է Թեմզայի ափին, նպատակահարմար են համարում կառուցել քազցրահամ ջրի կայան:
Այդպիսի կայանները, սակայն, էկոլոգիապես այնքան էլ անվտանգ չեն: Առաջացած թափոնը` չափազանց աղի ջուրը, որը պարունակում է 70 գրամ/լ աղ, վերադարձվում է ծով: Թե ինչպես է այն ազդում ջրային էկոհամակարգերի վրա` դեռևս այնքան էլ պարզ չէ, բայց ակնհայտ է մի փաստ. ջրային մեծ ծավալներ վերցնելիս ոչնչանում են  ծովային օրգանիզմները, հատկապես` պլանկտոնը, որը չի կարողանում դիմանալ հսկայական պոմպերի հզորությանը: