ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Վարդենի

 

Հայտնի է մոտ 400, ՀՀ-ում` 31` վայրի (Վարդենի առատափուշ, Վարդենի փափուկ, Վարդենի վահանակիրև այլն. տարածված են Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում. աճում են անտառեզրերին, լեռնալանջերին և այլն), բնաշխարհիկ (Վարդենի Զանգեզուրի, Վարդենի Հրաչի, Վարդենի Սոսնովսկու և այլն. տարածված են Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում, աճում են անտառեզրերին, լեռնալանջերին, քարքարոտ վայերում և այլն) և մշակովի (Վարդենի չինական, Վարդենի հարյուրթերթանի, Վարդենի դամասկի և այլն. տարածված է գրեթե բոլոր մարզերում) տեսակները։

Թուփ է, բարձրությունը` 0,15-3 մետր։ Որոշ տեսակներ առաջացնում են մինչև 10-12 մետր երկարությամբ սողացող, մագլցող կամ փաթաթվող, փշերով ու փշիկներով պատված ընձյուղներ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, մերկ կամ թավոտ։ Ծաղիկները պարզ են կամ բազմաթերթ, տրամագիծը` 2-15 սմ, բուրավետ, կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն, մանուշակագույն:

Վարդենու ծաղիկը լավորակ հումք է գինու, լիկյորի, հյութերի, եթերայուղերի, զովացուցիչ ջրերի, մուրաբայի, թեյի համար։ Վարդենու վայրի տեսակներն օգտագործվում են որպես կանաչ ցանկապատ, թեք լանջերն ամրացնելու, հողը էրոզիայից պաշտպանելու և մշակովի վարդենու համար որպես պատվաստակալ օգտագործելու համար։

Տերևաթափ թփեր` առաջացնում են հզոր արմատային մացառուտ, ծաղկում են տարին մեկ անգամ` գարնանը, ծաղկումը` 20-40 օր։ Դրանցից են` պարկային վարդենիները` լամբերտովյան, կնճռապատ հիբրիտը, Կորդեզին, գալիական (ֆրանսիական վարդենի), հարյուրաթերթ վարդենին (ցենտիֆոլիա) և այլն։

Մշտադալար թփեր` աչքի են ընկնում ինտենսիվ աճով և երկարատև ծաղկումով։ Դրանցից են պարտեզային վարդենիները` նուազետյան, բենգալյան (ամսեկան), բուրբոնյան, թեյավարդերը, ռեմոնտանտ, հիբրիդ թեյավարդերը, պոլիանտ (բազմածաղկավոր կարճահասակ) վարդենիները, ֆլորիբունդան և այլն։

Փաթաթվող (լիաններ), որոնց ընձյուղների երկարությունը հասնում է 10-12 մետրի, ծաղկում են մեկ անգամ` ամռանը։ Դրանցից եմ ` բազմածաղկավոր վարդենիները և վիխուրայանու վարդենիները։

Սորտերի բազմազանության, առատ և երկարատև ծաղկման և գույների հարստության շնորհիվ առավել դեկորատիվ արժեք ունեն հիբրիդ թեյավարդերը և ֆլորիբունդան։ Ունեն ուժեղ աճող շիվեր, ցրտադիմացկուն են, չորադիմացկուն, սեզոնի ընթացքում ծաղկում են երկու անգամ, ծաղիկները բազմերանգ են։ Աճեցնում են բաց գրունտում և ջերմատներում կտրած ծաղիկներ ստանալու համար և ծաղկային ձևավորումներում։ Հին Հռոմում խնջույքների և տոնահանդեսների ժամանակ դահլիճները զարդարում էին թարմ վարդերով, իսկ ամբողջ տոնահանդեսի ժամանակ առաստաղից վարդեր էին թափվում տոնախմբության մասնակիցների վրա։ Նույնպիսի սովորություն կար Հին Հայաստանում։